Կառավարության նիստի ընթացքում քննարկվեց առաջին դասարանցիների առցանց գրանցման համակարգը, որը մայիսի 15-ից է գործարկվել, բայց ունեցել է որոշակի խափանումներ։ Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց նոր ներդրված համակարգով։
ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը նշեց, որ մայիսի 15-ին ներդրվել է նոր համակարգը, և 2019-2020 թթ․ ուստարվա համար նախատեսվում է ունենալ շուրջ 13000 առաջին դասարանցի, բայց համակարգում տեղերը նախատեսված են 14000 հնարավոր առաջին դասարանցիների համար։
Անափիոսյանի խոսքով՝ մայիսի 16-ի ժամը 10-ի դրությամբ համակարգում գրանցվել է արդեն 9312 երեխա, և տեխնիկական խնդիրներ կան շուրջ 100 երեխայի հետ կապված՝ պատճառը համակարգի ծանրաբեռնվածությունն է եղել, որն արագ շտկվել է։
«Այսօրվա դրությամբ ունենք կանխատեսվող առաջին դասարանցիների շուրջ 75-80 տոկոսը հայտագրված»,- ասաց փոխնախարարը։
Մեկ այլ նկատառում էլ նշեց ԿԳ փոխնախարարը, որ մեկ երեխայի համար 30-ից ավելի IP-ից ցանկացել են գրանցվել, բայց համակարգը ճանաչում է միայն մեկ IP, և այս ամբողջ խնդիրը ծագել է միայն մեկ դպրոցի հետ կապված, բայց խնդիրը լուծված է։
«Այս համակարգով խնամի, ծանոթ, բարեկամով դպրոցում գրանցելու մեթոդը վերացավ։ Տարբեր գերատեսչություններում փորձում էին ծանոթներ գտնել, որ միջնորդություն ներկայացնեին, բայց ներդրեցինք թափանցիկ և հաշվետու համակարգ, որը կփոխի մշակույթ, որ կա կարգ, կա օրենք, որին պետք է հետևենք, և որ բոլոր քաղաքացիները այդ կարգի և օրենքի առաջ հավասար են»,- շեշտեց Անափիոսյանը։