Կառավարության որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2018 թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին կհատկացվի 19406.0 հազ. դրամ: Հիմնավորման համաձայն՝ 2018թ. այն չի կիրառվել, ինչն էլ ֆինանսական ծանր հետևանքներ է առաջացրել:
Մասնավորապես, կուտակվել է մի քանի ամսվա աշխատավարձի պարտք: Հաշվի առնելով Մեղրու տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված խնդիրների լուծման առաջնահերթությունը, 2018 թ. համար Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը մասնակի կմեղմի ընկերության ֆինանսական ճեղքվածքը: Արդյունքում՝ օժանդակություն կցուցաբերվի հանրապետության ամենահեռավոր և ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի բնակիչներին և խթանվի համայնքում գյուղատնտեսական արտադրանքը:
Ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանում փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման նկատմամբ հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար տնտեսավարողների կողմից կատարված ներդրումների և ծախսերի մասնակի փոխհատուցում 50 տոկոսի չափով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար 70 տոկոսի չափով։
«Այս փուլում մեզ պետք է իրոք լուրջ խթանել: Լուրջ խթանենք, հետո կմտածենք, թե ոնց ենք հարկում, այսինքն՝ հարկային պոտենցիալ առաջացնել, հետո նոր մտածել հարկման մասին: Այսինքն՝ մեր ակնկալածից խելացի անասնագոմերի նկատմամբ հայտերը մոտավորապես 10 անգամ ավելի շատ են, քան կառավարությունը կանխատեսում էր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով բարձր որոկի կաթի արտադրության հարցին Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարող է ստացվի այնպես, օրինակ, մենք հիմա ասում ենք բարձր որակի 90 հազար տոննայի կաթի դեֆիցիտ ունենք, որ պարզվի, որ շատ ավելի մեծ է առաջարկը, քան կա պահանջարկ: Բայց սա լրիվ տեղավորվում է մեր ռազմավարության մեջ: Մենք հիշում ենք, որ խնդիր ենք դրել արտահանմանը միտված տնտեսություն կառուցել, հետևաբար, այսօրվանից մենք պետք է այդ հնարավոր ռազմավարությունն ունենանք, թե ինչ հնարավոր արտահանման մեխանիզմներ և ուղիներ կարող են այստեղ լինել»: