McDonald’s կորպորացիան դիմել է իր աշխատակիցներին՝ կոչ անելով հանուն առողջության հրաժարվել արագ սննդից: Նման բովանդակությամբ խորհուրդը տեղադրվել է ռեստորանային ցանցի ներքին կայքում, որտեղ սովորաբար հրապարկավում են ընկերության նորությունները, հաղորդում է Gawker կայքը:
Էջի սքրինշոթում երևում է երկու պատկեր: Մեկում McDonald’s-ի սնունդն է՝ կոլա, համբուրգեր, ֆրի, կողքը գրված՝ «անառողջ ընտրություն»: Մյուս նկարում բերված է այլընտրանքային տարբերակ՝ մեկ բաժակ ջուր, սենդվիչ և աղցան: Այս տարբերակն ընկերությունն անվանել է «առողջ»:
Նկարների տակ տեղադրված հաղորդագրությունում ասվում է, որ արագ սնունդը «գրեթե միշտ պարունակում է շատ աղ, շաքար, ճարպ և կալորիաներ», շատ ուտեստներ «պատրաստված են մեծ քանակության ճարպով, իսկ մեծ չափաբաժինները մեծացնում են գերսնման ռիսկը»:
Ուստի ընկերությունն իր աշխատակիցներին առաջարկում է սնվել իրենց տներում կամ այն վայրերում, որոնց ճաշացանկը հարուստ է աղցաններով, ապուրներով ու բանջարեղենով:
McDonald’s-ից լրագրողներին հայտնել են, որ ներքին կայքում տեղադրված տեղեկության մի մասը դուրս է բերված ընդհանուր կոնտեքստից: Ընկերությունում խոստացել են, այնուամենայնիվ, «քննարկել այդ հարցը»: