տուն Լուրեր Մասնակցել՝ հաղթելու վճռականությամբ. նախընտրական տրամադրություններ Գյումրիում

Մասնակցել՝ հաղթելու վճռականությամբ. նախընտրական տրամադրություններ Գյումրիում

74
0

gyumri

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ, ընդ որում` արդեն նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, ինչը նշանակում է, որ քաղաքապետը կընտրվի ավագանու կազմից: Այսինքն` այն կուսակցությունը, որը մեծամասնություն կկազմի, կունենա նաեւ քաղաքապետի իր թեկնածուն:

Օգոստոսի 18-ից մեկնարկել են առաջադրումները, և կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթերը: Ինչպես հայտնի է, մի շարք կուսակցություններ հայտարարել են, որ մասնակցելու են Գյումրիում կայանալիք ընտրություններին:   Araratnews.am-ը փորձեց կուսակցությունների ներկայացուցիչներից ճշտել, թե ներկայացրե՞լ են արդյոք անհրաժեշտ փաստաթղթերը:

Նշենք, որ ԲՀԿ-ն հայտարարել է, որ առանձին է մասնակցելու ընտրություններին, և ցուցակը գլխավորելու է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սահմանված վերջնաժամկետին դեռ ժամանակ կա, հետեւաբար, իրենք կհասցնեն ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:

ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ԳԱԼԱ-ն փաստաթղթերը դեռ չի ներկայացրել գրանցման: «Դեռ ժամանակ կա, չենք շտապում»,- ասաց Քրիստինե Մկրտչյանը, հավելելով, որ չեն շտապում նաեւ հայտարարել՝ ԳԱԼԱ-ն միայնա՞կ է գնալու, թե՞ դաշինքով, քանի որ ամենավերջին պահին էլ կարող է ինչ-որ բան փոխվել: «Առայժմ մի բան հստակ է` ԳԱԼԱ-ն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին եւ մասնակցելու է հաղթելու վճռականությամբ»,- ասաց Ք. Մկրտչյանը:

«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանն էլ Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, թե մինչեւ օգոստոսի 28-ը ժամանակ ունեն, եւ անպայման ներկայացնելու են փաստաթղթերը ԿՀԸ: «Ինչպես գիտեք` առաջադրման վերջնաժամկետը 28-ն է, այսինքն` դեռ տասը օր ժամանակ կա, եւ մենք  ժամանակի մեջ կտեղավորվենք եւ մեր թեկնածուների ցուցակը կներկայացնենք»,- ասաց Քոչարյանը, հավելելով, որ երկու օր առաջ հանդիպում են ունեցել կուսակցության Գյումրու մարզային կառույցի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ ներկայացվել է իրենց այն թեկնածուն, ով գլխավորելու է ցուցակը: Նշենք, որ խոսքը «Համահայկական կոնգրես» ՀԿ նախագահ Արմեն Բադալյանի մասին է: Հարցին, թե «Ալյանսը» միայնա՞կ է մասնակցելու ընտրություններին, թե՞ ոչ, Վարդան Քոչարյանը պատասխանեց. «Ալյանսը» որոշում է կայացրել մասնակցել  ընտրություններին, եթե ինչ-որ ուժեր կան, որոնք մեզ հետ համագործակցելու ցանկություն ունեն, կարող են դիմել մեզ, պատրաստ ենք քննարկելու: Իհարկե, խոսքը իրական ընդդիմադիր ուժերի մասին է»:

Առայժմ հայտնի չէ, թե «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի՞ է արդյոք ՏԻՄ ընտրություններին: Այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասված էր, թե չեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին:

Մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչների տեսակետները կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում:

Փայլակ Ֆահրադյան