Մի քանի օր է` Մասիսում կոյուղաջրերով ոռոգման դեպքերը լայնորեն քննարկվում են հանրության կողմից: Պարզվում է, սակայն, որ գերատեսչություններին այս մասին բնապահպան Կարինե Դանիելյանը տեղեկացրել էր դեռ նախանցյալ տարի՝ 2015-ին: Araratnews.am-ի հետ զրույցում տիկին Դանիելյանն ասաց, որ իր զեկուցման մեջ ասել է այդ մասին՝ ի գիտություն կառավարությանը, սակայն արձագանք չի եղել:
Կարինե Դանիելյանն այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարարությանը, սակայն կանխարգելիչ միջոցառումներ չեն արվել: «Կոյուղաջրերով ոռոգումը կարող է համաճարակի եւ տարբեր նյութերով՝ ծանր մետաղներով, բակտերիալ վիրուսային տարրերով, շրջակա միջավայրի աղտոտման պատճառ դառնալ»,- ասաց բնապահպանը:
Կոյուղաջրերով ոռոգված բերքն օգտագործածները, Կարինե Դանիելյանի խոսքով, կարող են առողջական տարբեր խնդիրներ ունենալ: Այս անտարբերությունն ու բարբարոսական վերաբերմունքը շրջակա միջավայրի հանդեպ սպանիչ են:
Հիշեցնենք՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի և հարակից տարածքների շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառները պարզելու համար բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմինը միջոցներ էր ձեռնարկել՝ պարզելու, թե տվյալ տարածքում գործող ո´ր ձեռնարկությունների արտադրական արգասիքներում են գերազանցում քիմիական նյութերի թույլատրելի չափաքանակը, որոնք թափվում են կոյուղաջրերի հեռացման համակարգ և դառնում մթնոլորտի աղտոտվածության պատճառ: Տեսչական մարմնի լաբորատորիայի աշխատակիցները սեպտեմբերի 27-ին տարածքում գտնվող 10 դիտահորերից կատարել էին նմուշառում` պարզելու, թե քիմիական ո´ր նյութերի թույլատրելի չափաքանակի գերազանցումը որտեղ է հասնում առավելագույնի։ Փորձաքննությունը պարզել է, որ Մասիս-Այնթապ ճանապարհի 13 կմ-ին գտնվող դիտահորում քիմիական նյութերի թույլատրելի չափաքանակի գերազանցումն ամենաբարձրն է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը որոշել է կոյուղատարի ողջ երկարությամբ իրականացնել նմուշառման աշխատանքներ։ Մասիս քաղաքում տարածված գարշահոտության վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: