տուն Լուրեր Մասիսի կոյուղաջրերի հարցը՝ Կառավարության ուշադրության կենտրոնում

Մասիսի կոյուղաջրերի հարցը՝ Կառավարության ուշադրության կենտրոնում

125
0

կոյուղի

Մասիսի կոյուղաջրերի հարցին այսօր Կառավարության նիստում անդրադարձավ Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը: Վարչապետը հիշեցրեց իր նախկին հանձնարարականներից մեկը՝ բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ, որոնք գտնվում են մշակման փուլում։

Կառավարության ղեկավարն ասաց, որ  իրականացված ուսումնասիրություններն արձանագրել են նաեւ շրջակա միջավայրի գերաղտոտվածության դեպքեր: Մասնավորապես, վերջին շրջանում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել Արարատի մարզի Այնթապ, Դարակերտ, Նորաբաց, Գետափնյա, Դաշտավան, Զորակ գյուղական և Մասիս համայնքներում։ «Արձանագրվել են նաև ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու դեպքեր, որոնք լուրջ վնաս են հասցնում ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ գյուղատնտեսությանը: Ելնելով վերոնշյալից հանձնարարում եմ՝ արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին, ինչպես նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ձեռնարկել ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու, ինչպես նաև թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ միջոցներ` կիրառելով օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ: Երկամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել նման դեպքերը կանխարգելելու եւ աղտոտման հետևանքով պատճառած վնասների փոխհատուցան ապահովման օրենսդրական առաջարկություններ: Այստեղ դեպքեր կան, երբ կոյուղուն միջամտել են հենց բնակիչները` ոռոգման խնդիրները լուծելու առումով: Այդ իսկ պատճառով խնդիրը պետք է կոմպլեքս ուսումնասիրել ու ընդհանրապես բացառել՝ համապատասխան գնահատականներ և պատժամիջոցներ կիրառելով բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ենթակառուցվածքային կառույցների մեջ միջամտում են իրենց ցանկությամբ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Սոնա Դավթյան