տուն Լուրեր «Մարտիկը» փակվել է. հաղորդաշարի ռեժիսոր

«Մարտիկը» փակվել է. հաղորդաշարի ռեժիսոր

182
0

1920x453

«Մարտիկ» հաղորդաշարը փակվել է: «Մարտիկ» հաղորդաշարի ղեկավար Սեյրան Շահսուվարյանը հայտնեց ինձ, որ հեռախոսազրույց է ունեցել Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ, վերջինս նրան հայտնել է. «Շատ եմ ցավում, բայց եթեր չի գնալու «Մարտիկը»: Պարոն Շահսուվարյանի այն հարցին, թե որն է հաղորդաշարի փակման պատճառը, Ջաղինյանը պատասխանել է ՝ պատճառաբանություն չկա:
Իրավիճակը հասկանալու համար կապ հաստատեցի Հ1-ի ծրագրերի բաժնի հետ: Իմ այն հարցին, թե ինչու «Մարտիկը» եթերում չէ, պատասխանեցին. «ա) մենք «Մարտիկի» հետ պայմանագիր չունենք , բ) ես չունեմ հանձնարարական, որ պետք ա «Մարտիկը» լինի եթերում»: Իմ հավելմանը, այսինքն` տնօրինությո՞ւնն է որոշել, որ «Մարտիկը» պետք է եթեր չգնա, պատասխանեցին. «Նու հա, կարելի էդպես մեկնաբանել… հա՛»:

«Մարտիկը» Հանրային հեռուստատեսության ստրատեգիական նշանակության հաղորդում է, և «Մարտիկի» փակելը չի կարող է լինել գաղտնի ու ոչ էլ առանց «պատճառաբանության»: Հաղորդումը ստեղծվել է եռակողմ համաձայնության արդյունքում, և չի կարող Հանրային հեռուստատեսությունը միակողմանի, առանց կողմերի և հանրության կարծիքը հաշվի առնելու՝ կամայական որոշում կայացնել: «Մարտիկի» փակումը հասարակական քննարկման առարկա է:

Ակնկալում ենք հանրության աջակցությունը այս կամայական որոշման դեմ:
«Մարտիկ» հաղորդաշարը 23 տարեկան է, այն ստեղծվել է ներկայիս ՀՀ նախագահ, 1993-1995 թվականներին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ցուցումով (առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել 1994 թվականի ապրիլի 7-ին): Քսաներեք տարիների ընթացքում հաղորդումը այսօրվա՝ «ազգ-բանակ» գաղափարի կարևորագույն քարոզամիջոց է: Հաղորդումը ամեն շաբաթ կապ է ստեղծել մշակույթի գործիչների, բանակի, զինվորների և նրանց ընտանիքների միջև՝ պարգևելով անմոռանալի ուրախ պահեր:

Ստեղծագործական խումբը բանակաշինության գործում զգալի ավանդ է ներդրել, որը գնահատվել է պետական բարձր պարգևներով և գերատեսչական մեդալներով:
Ստեղծագործական կազմում են երկրում եզակի, ռազմական լրագրության և օպերատորության վարպետներ, որոնցից շատերը վերջերս նախարարի կողմից պարգևատրվեցին ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալներով՝ Քառօրյա պատերազմին մասնակցելու, լուսաբանելու համար:

2017 թվականի տոնական թողարկումներից սկսած՝ Հանրային հեռուստատեսության ծրագրային ցանցում «Մարտիկ» հաղորդաշարը վերածվել էր անտեսանելի ուրվականի: Այսինքն` եթեր էր հեռարձակվում, բայց ծրագրում չկար: 2017 թվականի երեք թողարկումները առանց նախազգուշացման հեռարձակվեցին՝ ժամային խախտումներով և առանց կրկնությունների: Կարելի է ասել` ցուցադրությունները եղան գաղտնի:
Հիմա պետք է հասկանալ` ինչպե՞ս է ստացվում, որ ընդամենը երկու ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից «Մարտիկ» հաղորդաշարը ՀՀ հանրային հեռուստատեսության 60-րդ և ՀՀ Հանրային ռադիոընկերության 90-րդ տարեդաձերի կապակցությամբ ու զանգվածային լրատվամիջոցներով ԶՈՒ առօրյան լուսաբանելու համար պարգևատրվում է պատվոգրով, իսկ պարոն Ջաղինյանը «շատ է ցավում»: Թե ինչն է կամ որ մասն է ցավում, կարելի է իմանալ հաղորդման փակվելու պատճառը հասկանալուց հետո. Զորակցում ենք:

«Մարտիկի» հանդեպ Հանրային հեռուստատեսության դիվերսիոն գործողությունների մասին դեռ լռում եմ… բայց հարկ եղած դեպքում կբացեմ շատ փակագծեր… լայն կբացեմ…
Հարց. փակելով «Մարտիկ» հաղորդումը ո՞ւմ դեմ է դուրս գալիս Ռ. Ջաղինյանը` բանակի՞, զինվորի՞, զինվորի ընտանիքի՞, մշակույթի գործիչների՞, հանրությա՞ն, թե…

Հիշեցնեմ. Հանրային հեռուստատեսության շուրջ ծավալված վեջին աղմկահարույց քննարկումից հետո ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը այցելեց Հ1 և հատկապես պարոն Ջաղինյանի հետ զրույցում տվեց ցուցում. մեջբերում եմ
«Մինչև հաղորդումը, պետք է տվյալ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցել, փորձել հասկանալ իրենց ցանկությունները, փորձել տեսնել, թե լսարանին ինչ է հետաքրքրում, իրենց հետ խորհրդակցելը կարծում եմ օգտակար կլինի: Փոխադարձ կապ պետք է լինի, հանրությունը պետք է ազդի հեռուստատեսության բուն նյութի վրա»:
P.S. Ամեն անգամ, երբ «Մարտիկը» անակնալ թակում է որևէ դուռ, և արձակուրդ բերում զինվորի, վերջում գրեթե բոլոր ծնողները ասում են նույն բանը. «Ես գիտեի, ես հավատում էի, որ մի օր էլ մեր դուռը կծեծեք»:

Սիրելի՛ զինվորների ծնողներ, կարող եք այլևս մեզ չսպասել:
Տոնական հաղորդումները նկարահանելու ժամանակ լրագրող-մեկնաբան Վարուժան Օլքինյանը կես կատակ, կես լուրջ ասաց. «Տղերք, ձեզ կփակեն, ես նման ամանորյա տեքստ կարդացի 90-ականներին, «Հայլուրը» փակեցին», բայց մենք առարկեցինք. «Հիմա 90-ականները չեն»:

Փաստորեն, հիմա, ինչպես ապացուցեց ՀՀԽ նախագահ Ռ. Ջաղինյանը, լավ էլ 90-ականներն են, ավելին՝ Նորքում ցուրտ է»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդման ռեժիսոր Արման Վարդանյանը, հավելելով, որ Հանրային հեռուստաընկերությունն իր կայքից նույնպես հեռացրել է «Մարտիկը»:

Նշենք, որ այսօր մենք կապ հաստատեցինք նաև Հանրային ՀԸ-հետ, որտեղից հաղորդման փակվելու մասին տեղեկատվությունը չհաստատեցին: