Մայիսյան տոներն ավարտվեցին տարօրինակ թթվաշ նոտայով։ Լուր ստացանք էլէներգիայի սպասվող փոփոխությունների մասին, իսկ Էրիկ Անթառանյանը մի թեթեւ բարձրացրեց Սեյրան Օհանյանենց տան վարագույրը եւ թույլ տվեց բոլորիս մի աչքով ներս նայել։ Տեսանք, թե հերոսն ինչպես է լողում, ինչպես է բիլիարդ խաղում, ինչպես է այցելում զորամասեր եւ զինվորին խոստանում, որ եթե այս տարի ամուսնանա, հարսանիքի ծախսերը ինքը հոգա։ Տեսանք ինչպես է աշխատանքից հետո «հերոսին» տան մոտ դիմավորում ընտանիքը՝ կարոտած ու խանդաղատանքով լի։ «Հերոս» մակդիրին Սեյրան Օհանյանը կարծես այնքան էլ չի ընդդիմանում։ Ճիշտ է՝ գալուստսահակյանաբար ասաց, թե բա «հերոսներին չափից ավելի անհատականացնել, նշանակում է հերոսներին կողոպտել, կողոպտել նրանց հանրային հատկանիշները։ Հերոսներին պետք է ներկայացնել այն պայմաններում, որտեղ նրանք հերոսանում են», բայց սա դժվար է «ընդդիմանալ» համարել։
Պնախարարը
Ռեպորտաժը այս շաբաթ միակը չէր Պնախարարի մասին։ Լրատվական թողարկումները լիքն էին նաեւ նրա աշխատանքային այցերի մասին պատմող լուրերով։ Ակնհայտ է, որ Օհանյանը նախընտրական PR է սկսել։ Հիմնական հարցն այն է՝ Օհանյանը սեփակա՞ն նախաձեռնությամբ է ֆալշ սթարթ տվել, թե՞ Սերժ Սարգսյանը փորձում է սահմանադրական փոփոխություններին զուգահեռ նաեւ երկրորդ ճակատ բացել՝ չհաջողելու դեպքում իրեն հարմար փոխանորդ պատրաստելու համար։ Եւ քանի որ մեր տարիների փորձը վկայում է, որ հայկական հեռուստաեթերում, հատկապես՝ «Հանրայինի» հեռուստաեթերում պատահական բաներ չեն լինում, նշանակում է՝ Սերժ Սարգսյանը այնքան էլ վստահ չէ, որ հաջողելու է սահմանադրական փոփոխությունները հանգիստ անցկացնել։ Սրա մասին է վկայում նաեւ «Կենտրոնի» եթերում տեղի ունեցողը՝ Ծառուկյանի հանդարտ հեռուստաեթեր վերադառնալը, երկուշաբթի օրվա «Անցում Դուլյանի հետ»-ը, «Ուրվագիծը» Մելքումյանի ու Նաիրա Զոհրաբյանի հետ եւ այլն։ Սարգսյան-Քոչարյան-Ծառուկյան-Աբրահամյան խաղը կարծես թե դեռ չի ավարտվել, եւ հնարավոր են հետաքրքիր շրջադարձեր։ Այնպես որ՝ Օհանյանի խաղաքարտը խաղի մեջ հենց այս պահին մտցնելը իմաստից զուրկ չէ։ Բայց առավել հետաքրքիր է հետեւելը, թե ինչպես է Պնախարարի կինը իր վրա փորձում առաջին տիկնոջ հանդերձը։ Նրա ու Ռիտա Սարգսյանի նմանությունն աչքի է զարնում. մազերի ձեւը, գույնը, հագնվելու ոճը, խոսելու նույն թեթեւ, ցանցառ եղանակը՝ ամենաանպատեհ պահին անկեղծանալու տարօրինակ հակումով, այս ամենը գալիս է համոզելու, որ նախարարն ու իր կինը իրենց արդեն երկրի գլխավոր աթոռին են պատկերացնում։ Բայց այս ռեպորտաժում ամենատխուրը անգամ դա չէ, այլ այն, որ մինչ Օհանյանը լողում, բիլիարդ էր խաղում ու անեկդոտ էր պատմում ընկերներին, ինքն էլ ի սրտե ուրախանալով նրանց պատմած անեկդոտների վրա, բանակում շարունակում էին սպանվել ու ինքնասպանվել զինվորներ, մեր երեխաները, նրանք, ում ծնողներին օրեր անց այդպես ինքնամոռաց նախագահականի մյուս մայթն էին քարշ տալիս ոստիկանները, որ էլի մեր երեխաներն են, ուղղակի հրաման են կատարում։ Այլասերված եվրոպաներում այդպիսի դեպքերում նախարարները գունատվում են, կարմրում են, փախչում են լրագրողներից ու հրաժարական են տալիս։ Բայց ո՛չ մեզ մոտ։ Այս ռեպորտաժը գալիս է համոզելու, որ մենք ու մեր իշխանությունները զուգահեռ աշխարհներում ենք ապրում ու այն աշխարհը, որտեղ նրանք ապրում են, շատ ավելի լուսավոր ու անամպ է, իրենք հերոս են ու անպարտելի, էլէներգիայի գինը, ինչքան էլ բարձրացնեն, խնդիր չի առաջացնելու, իսկ իրենք հանգիստ կառավարելու են մինչեւ իրենց օրերի վերջը կամ ինչքան իրենք ցանկանան, քանի որ իրենց երազանքի երկրում մարդիկ համարյա նույնքան համբերատար են, ինչքան իրականում, ու սա երեւի միակ բանն է, որ նույնն է մեր երկու աշխարհներում։
Էներգետիկայի նախարարը
Երվանդ Զախարյանի վիճակն էլ բանի նման չէ։ Մինչ ներսում վարչապետը նրան շնորհավորում է ծննդյան օրվա կապակցությամբ, դրսում բողոքում են «Նաիրիտի» աշխատակիցներն ու հոսանքի թանկացմամբ մտահոգ քաղաքացիները։ Նաիրիտի հարցը գրեթե պարզ է, այն վերագործարկել ոչ ոք չի պատրաստվում, իսկ աշխատավարձերի ամբողջական մարումը երեւակայականի ոլորտից է։ Ավելի բարդ է հարցը էլէներգիայի մասով։ Այս թեմայով կարծիքները երկու մասի են բաժանվել։ Մի մասը համոզված է, որ ՀԷՑ հայցը հիմնավորված է, ու անգամ հաթաթա է տալիս, թե եթե չթանկանա, ոլորտը կկորցնենք։ Մյուս մասը չի ցանկանում վճարել ընկերության վատ աշխատանքի արդյունքում առաջացած պարտքը։ Մենք վատ ժողովուրդ չենք, մենք պատրաստ ենք վճարել, բայց բանն այն է, որ եթե այս անգամ անցկացնեն, պարտքերը կշարունակեն կուտակվել ու այս պրոցեսը անընդհատ կկրկնվի, քանի որ բոլորն էլ սիրում են, երբ իրենց փոխարեն վճարում են ուրիշները։ Էլէներգիան ամռանը անպայման կթանկանա, ոչ 17 դրամով, իհարկե, մի քիչ պակաս, ու դրա դեմ քիչ մարդ կբողոքի, որովհետեւ մեր համախմբվելիքը մենք արդեն համախմբվեցինք՝ գունավոր թղթից անմոռուկ կտրելիս ու Քայնե Ուեսթի հետ կարապի լիճը ցատկելիս։
Մյուս նախարարները
ԿԳ նախարարն էլ պարապ նստած չէր, չմտածեք. կիրակի օրը լրագրողների մեջ ամենախելացիին էր փնտրում, վերջապես գտավ Եգոր Գլումովին, բայց ընթացքում բավականին զվարճալի պահեր պարգեւեց հեռուստադիտողին, որը զարմանում էր, երբ լրագրողները չէին պատասխանում հասարակ հարցերի, հատկապես՝ հայոց լեզվի ու պատմության ոլորտից։ Հետո մասնակցում էր Բոլոնիայի գործընթացի 4-րդ միջազգային ֆորումին, որտեղ 5 տասնյակ երկրների ներկայացուցիչների հետ միասին, ինչպես «Արարատի» լրագրողը հայտարարեց, որոշեց եվրոպական կրթական համակարգի ապագան։ Արդարադատության նախարարին էին նեղը գցել լրագրողները։ Ստիպում էին բացատրել, թե ինչու պիտի դատավորների սխալի համար վճարենք պետբյուջեից։ Նաեւ հարցնում էին, թե ինչու ոչ մի կերպ չի հաջողվում լիցքաթափել ու Լիսկաթափել Սյունիքը։ Այս հարցին ինքը ի՞նչ կարող էր պատասխանել, որ անպատժելիությունը վատ բա՞ն է, բայց դա անգամ մեր՝ ամենախելացիի տիտղոսին չձգող լրագրողները գիտեն։ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էր «Ռ-Էվոլյուցիայում» համոզում, երդվում, որ տնտեսական վիճակը լավացել է, տնտեսության ակտիվությունը՝ աճել, տոկոսներ է, որ գրանցում ենք, վարողը չէր հավատում։ Իսկ ես, օրինակ, շատ էլ հավատում եմ, որ Ճշմարիտյանի տնտեսական վիճակը լավացել է ու ակտիվությունն աճել։ Ու ոչ միայն իրենը։ Վերցրեք, նայեք պաշտոնատար անձանց հայտարարագրերը։ Այդպես պատահում է, հաճախ չէ, բայց ստացվում է մեկ-մեկ, որ հատվում են մեր ու իրենց Հայաստանը։ Մենք իրար չենք գիտակցում զուգահեռ չափումներում, ո՛չ իրենք մեզ, ո՛չ մենք իրենց։ Զարմանում ենք մենք իրենց վրա, զարմանում են իրենք մեզ՝ անշնորհակալներիս վրա։ Թվում է, թե ինչքա՞ն կարելի է այսպես։ Ինչքան որ թույլ տանք՝ հենց այդքան էլ կարելի է։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս։