Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկել է «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարել:
Մասնավորապես, առաջարկվում է աջակցություն չտրամադրել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած և քրեական հետապնդման ենթարկված այն ոստիկաններին, ում նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել։
«Օրենքով նախատեսվում է, որ աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում վնասվածք են ստացել, բայց այդ գործողությունների ժամանակ իրենց մասնակցությամբ քրեական հետապնդման չեն ենթարկվել կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով»,- ասաց Գաբրիելյանն ու պարզաբանեց՝ ոստիկանները, որոնք այդ գործողությունների ընթացքում տուժել են, բայց նաև նրանց նկատմամբ եղել է քրեական հետապնդում, այս օրենքի նախագծով աջակցություն չեն ստանա: