«ԵԽԽՎ կոչված է լինելու համաշխարհային, այպես ասած, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն ատյաններից մեկը, բայց մենք տեսնում ենք, որ այնտեղ ողջ գործընթացը բացասական է ընթանում, տեսնում ենք, որ Ադրբեջանի այդ կոռուպցիոն վարակը, համաճարակը անցել է նաև ԵԽԽՎ»,- Araratnews.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում տիրող իրավիճակի մասին նշեց Դավիթ Բաբայանը:
«ԵԽԽՎ-ն մի կողմից մերժում է հակահայկական բանաձևերից մեկը, որը մեր հայկական պատվիրակության համակարգված աշխատանքի արդյունքն էր, իսկ մյուս կողմից ընդունում է շատ խայտառակ զեկույց, որը ցույց է տալիս, որ ԵԽԽՎ-ում կան շատ լուրջ խնդիրներ: Այդ կառույցը բավականին ներուժ չունի, որպեսզի պայքարի նման համաճարակների դեմ: Շատ լուրջ խնդիր է, որ ԵԽԽՎ-ում կան մարդիկ, ովքեր պարզապես կաշառակերներ են»:
Բաբայանի կարծիքով՝ հարցն այն չէ, որ հակահայկական զեկույցն ընդունվեց, այլ այն, որ ԵԽԽՎ-ն արժեզրկվում է. «Ուղղակի պետք է շատ սառնասրտորեն այդ ամենը գնահատենք և երբեք չսխալվենք ու հույսներս դնենք որևէ կազմակերպության վրա, մանավանդ այնպիսի կազմակերպությունների, որոնք կաշառված են: Սա է քաղաքականության իրականությունը, և չպետք է վարդագույն ակնոցներ հագնենք ու այս կամ այն կազմակերպության մեջ մեր փրկչին գտնենք: Մենք անցել ենք ծանր ճանապարհ, մենք Ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք և մեկ-երկու մարկովիչներ, չգիտեմ ինչեր, որոնք այսօր կան, վաղը՝ չկան, չպետք է ազդեցություն ունենան մեր կամքի և վճռականության վրա»: