Մարդկությունը պետք է սկսի լքել Երկիր մոլորակը առաջիկա 30 տարիների ընթացքում, որպեսզի խուսափի կլիմայի փոփոխությունների հետևանքով կործանումից. այս մասին The Telegraph-ի փոխանցմամբ՝ Նորվեգիայում Starmus IV գիտության և արվեստների միջազգային փառատոնի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ հայտնել է բրիտանացի հայտնի գիտնական, աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը:
Գիտնականի կարծիքով՝ ծայրաստիճան անհրաժեշտ է գաղութներ ստեղծել Մարսում և Լուսնի վրա, այնտեղ ուղարկել բույսերի, կենդանիների, սնկերի և միջատների նմուշներ` այնտեղ նոր աշխարհ ստեղծելու նպատակով: Ինչպես նշել է Հոքինգը՝ աստերոիդի հետ բախման, մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացման կամ տեղափոխման հետևանքով մարդկության ոչնչացումը ժամանակի հարց է:
«Վստահ եմ, որ մարդիկ պետք է լքեն Երկիրը: Այս մոլորակը չափազանց փոքր է դառնում մեզ համար, մեր ֆիզիկական ռեսուրսները աղետալի չափերով սպառվում են»,- հայտարարել է գիտնականը:
Իր ելույթի ժամանակ Հոքինգը նաև նշել է, որ, ի վերջո, Երկիր մոլորակին աստերոիդի հետ կործանարար բախում է սպասում.
«Սա գիտական ֆանտաստիկա չէ: Սա երաշխավորված է ֆիզիկայի և հավանականության օրենքներով»: