Բացակայությունների հարգելիությունը ոչ ոք չի որոշում` ո՛չ ես եմ որոշում, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ առանձին պատգամավորները: Կա «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված որոշակի լիմիտ, ու երբ այդ լիմիտը լրանում է, արդեն ԱԺ խորհուրդը իրավաբանական գնահատական կտա դրանց հարգելի լինելուն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի բացակայությունների մասին հարցին:
«Ցանկացած պատգամավոր կարող է ունենալ անձնական խնդիրներ, և ո՞վ է ասել, որ եթե տվյալ պատգամավորը այդ պահին բացակայում է նիստից, ուրեմն նա այդ պահին ընդհանրապես զբաղված չի իր պատգամավորական կարգավիճակից բխող այլ գործունեությամբ: Մեկն այդ պահին կարող է լինել ԱԺ սահմաններից դուրս, բայց կատարել ոչ պակաս կարևոր առաքելություն, ընդհանուր հասարակական խնդիրների, պետական խնդիրների վերաբերյալ, քան էն մարդը, ով նստած է ԱԺ-ում»,- նշեց պատգամավորը և հավելեց` Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ, որ մարդիկ կան՝ գալիս են ընդամենը ներկա ստանալու: