Մահից հետո մարդիկ գիտակցում են, որ մահացել են, եւ հասկանում են՝ ինչ է կատարվում շուրջը,- հայտարարել են Նյու Յորքի համալսարանին կից Langone բժշկական դպրոցի գիտնականները։ Այս մասին տեղեկացնում է LiveScience-ը։
«Բժիշկները մահը որոշում են սրտի կանգից հետո. արյունը դադարում է հոսել ուղեղ, ինչի հետեւանքով էլ ուղեղը չի աշխատում։ Նրա բջիջները հետզհետե մահանում են։ Այդ ամենը տեւում է մի քանի ժամ»,- ասել է հետազոտության ղեկավար Սեմ Փարնիան։
Նա նաեւ նշել է, որ մարդու գիտակցությունը սրտի կանգից հետո միանգամից չի անհետանում։ Մարդիկ «մահվան առաջին փուլում» կարող են դեռեւս գիտակցության նշույլներ ցույց տալ։
Դրա վառ ապացույցն այն դեպքերն են, երբ մարդիկ, որոնք սրտի կանգ են ունեցել, կլինիկական մահից հետո մանրամասնորեն նկարագրում են այն ամենը, ինչ տեղի է ունեցել իրենց շուրջը։
«Նրանք կարող են պատմել, որ տեսել են աշխատող բժիշկներին եւ բուժքույրերին՝ լսելով նրանց խոսակցությունները։ Դրանք փաստեր են, որոնք այլ կերպ նրանք չէին կարող իմանալ»,- հավելել է Փարնիան։
Գիտնականը հայտարարել է, որ այդ հիշողությունները հաստատել են նաեւ բժիշկները, զարմացած լինելով այն փաստի վրա, որ իրենց հիվանդները, որոնք փաստացի մեռած են եղել, հիշել են բոլոր մանրամասները։