Մարդ պետք է զբաղվի այն գործով, որն իսկապես իրենն է ու ինքը դրանով ապրում է, այլապես միջակություն կլինի: Araratnews.am-ը զրուցել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչ Մարգար Եղիազարյանի հետ՝ երգարվեստում նրա անցած ճանապարհի, ապագա ծրագրերի և այլ հարցերի շուրջ:
Ինչպե՞ս սկսվեց ձեր ճանապարհը երգարվեստում, երբվանի՞ց սկսեցիք երգել:
Երգել սկսել եմ 14 տարեկանից. պատանի տարիքում երգել եմ Էջմիածնի ժողովրդական գործիքների համույթում, միաժամանակ նաև «Նավասարդ» երգչախմբում: Հետո աստիճանաբար քայլերս ինձ տարան դեպի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Քանի որ երգելը սկսել էի ժողովրդական ստեղծագործություններով և շատ էի սիրում մեր երգերը, որոշել էի, որ պետք է հենց ժողովրդական բաժնում էլ սովորեմ, բայց խորհուրդ տվեցին սովորել դասական բաժնում, որովհետև ամեն ինչի հիմքը դասականն է: Սովորեցի դասական վոկալ և հենց ուսանելու տարիներից շատ ակտիվ մասնակցեցի տարբեր համերգների: Առաջին կուրսից էլ ընդունվել եմ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ՝ որպես մեներգիչ:
Սկսել եք ժողովրդական երգերով, հետո որոշել եք սովորել դասական բաժնում, բայց նորից վերադարձել եք հայ գուսանական երգերին: Երբևէ եղե՞լ է ցանկություն զբաղվել դասական երաժշտությամբ, և հնարավո՞ր է նորից այն ձեզ գրավի:
Այո, մի պահ կար, երբ ուզում էի դասական երգել, բայց հետո հասկացա, որ ես ժողովրդական և գուսանական ժանրում ավելի շատ անելիքներ ունեմ: Չես կարող որևէ ժանրում հենց այնպես երգել, և հատկապես եթե ուզում ես դասական, ուրեմն դրանով պետք է լուրջ զբաղվես: Բայց հասկացա, որ այդ ժանրն այնքան էլ իմը չէ, չնայած այն շատ եմ սիրում: Առհասարակ, ես կարծում եմ, որ մարդ պետք է զբաղվի այն գործով, որն իրենն է, այլապես միջակություն կլինի:
Գիտեմ, որ բարեգործական համերգների եք մասնակցում, որքանո՞վ են դրանք կարևոր արտիստի համար: Դա բարեգործություն է հոգևոր պահանջմունքները բավարարելո՞ւ, թե՞ պարզապես մասնակցում եք չմերժելու համար:
Ես հրավերները չեմ մերժում, որովհետև մեծ սիրով եմ երգում այն մարդկանց համար, ովքեր սիրում են ժողովրդական երգն ու երաժշտությունը: Պետք է օգտագործել ընձեռված բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանանք մեր երգերը հասանելի դարձնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Այդ ժամանակ ես երգելիս նույնքան ինձ բավարարված ու լավ եմ զգում, որքան սիրելի, հարազատ մարդուն նվեր տալիս: Ամեն ինչի մեջ չէ, որ պետք է շահ փնտրել:
Այսօր բազմաթիվ երգիչներ, ավարտելով կոնսերվատորիայի դասական կամ ժողովրդական բաժինը, սկսում են գնալ կոմերցիայի հետևից և երգել այնպիսի երգեր, որոնց նպատակը ռեստորաններում տարբեր առիթների ժամանակ երգելն է: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում ռեստորանում երգելուն և երբևէ երգե՞լ եք այնտեղ:
Այո, ես երգել եմ ռեստորանում, և եթե պետք լինի, էլի կերգեմ: Հիմա էլ երբեմն երգում եմ, բայց միայն ռեստորանում երգելը չի կարող ազդել երգչի կամ իր երգածի վրա: Ռեստորանում երգել չի նշանակում, որ պետք է պարտադիր անորակ ինչ-որ բան երգել: Այսօր ամբողջ աշխարհում են պրոֆեսիոնալ երգիչները ռեստորաններում երգում:
Տարբեր երկրներում եք եղել, դրսում սիրո՞ւմ են մեր ժողովրդական երգերը, և հատկապես ո՞ր երկրներում եք ջերմ ընդունելության արժանացել:
Չեմ ուզում առանձնացնել որևէ երկիր, բոլոր երկրներում էլ մեր հայրենակիցները մեծ սիրով ընդունում են մեր երգերը, ինչու ոչ, նաև օտար հանդիսատես ենք ունենում, ովքեր լեզուն չհասկանալով սիրում են մեր մեղեդին: Նրանք մեծ կարոտով են սպասում մեր ժողովրդական երգերի համերգներին:
Վերջերս եղել եք նաև Թուրքիայում, որտեղ մասնակցել եք մրցույթի և մրցանակով վերադարձել: Թուրք հանդիսատեսն ինչպե՞ս է վերաբերվում մեր երգիչներին և մեր երաժշտությանը:
Թուրքիայում մասնակցեցի վրաց-թուրքական «Հարմոնիա» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին, որին մասնակցում էին տարբեր ժանրերի երգիչներ, երաժիշտներ: Ես իմ տարիքային խմբում արժանացա Գրան պրիի: Շատ ջերմ ընդունելություն էր: Ներկայացրեցի Կոմիտասի, Ալեքսեյ Հեքիմյանի մի քանի ստեղծագործություններ: Ժյուրիի կազմում մի բաքվեցի կար, ով իրոք հուզվել էր, երբ երգեց«Դլե յաման»-ը, հանդիսատեսն էլ շատ լավ ընդունեց:
Մրցանակներին ինչպե՞ս եք վերաբերվում: Դրանք կարևո՞ր են ձեզ համար:
Անշուշտ, արտիստին ոգևորելու համար մրցանակները կարևոր են: Այսօր մի քիչ շատ է խոսվում այն մասին, թե ինչու են մրցանակներ տալիս այս երգչին, իսկ մյուսին չեն տալիս, կամ սա արժանի է, նա արժանի չէ: Կարծում եմ՝ պետք չէ քննադատել, միևնույն է՝ նրանց սիրողները լսում են, չսիրողները՝ ոչ:
Իրականում մենք մեր աշխատանքն այդ մրցանակների համար չենք անում, մենք երգում ենք, որովհետև դա մերն է, մեր ապրելակերպը: Ձգտում ենք, որ այն, ինչ անում ենք, պրոֆեսիոնալ ներկայացնել, իսկ թե հետո մեր աշխատանքը կգնահատվի՞ մրցանակներով, թե՞ ոչ՝ այդ մասին չենք մտածում:
Այսօր այսպիսի մի միտում է նկատվում՝ ժողովրդական երգերը միքսում են ժամանակակից երաժշտության հետ, փոխում են սկզբնական գործիքավորումը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, և արդյոք դրանից չի՞ կորչում երգի անաղարտ տարբերակը:
Եթե մեղեդուն ձեռք չեն տալիս, երգի ընդհանուր կառուցվածքը չեն փոխում և չեն աղավաղում, ճաշակով են անում, ապա, ինչու ոչ, կարելի է: Որովհետև կան մարդիկ, ովքեր սիրում են մեր ժողովրդական երգերը, բայց նրանց այնքան էլ դուր չեն գալիս ժողովրդական նվագարանները, որքան ժամանակակից գործիքները: Այնպես որ, եթե ամեն ինչ արվում է հետաքրքիր ձևով, կարելի է:
Մեր օրերում երգիչներին միայն համերգներն այնքան էլ մեծ ճանաչում չեն բերում, և ցանկացած ոք, ով մտնում է երգարվեստ, առաջինը, որ անում է, տեսահոլովակ նկարահանելն է: Չե՞ք պատրաստվում դուք ևս ունենալ ձեր տեսահոլովակը՝ ավելի ճանաչված լինելու համար:
Հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք, գալիք տարվա սկզբին այն արդեն պատրաստ կլինի: Իհարկե, ճանաչումն էլ է կարևոր, չեմ կարծում, թե մի արտիստ կասի, որ չի ցանկանում՝ իրեն ճանաչեն կամ իր երգերը լսեն: Եթե լավ գործ ես անում, թող ճանաչվի, թող տարածվի, որ մարդիկ լսեն: Բայց եթե պետք է ինչ-որ տեսահոլովակ նկարենք հարսի շորի մասին, որ մեզ հարսանիք հրավիրեն երգելու… չեմ ընդունում նման բաներ:
Իսկ ո՞րն է լինելու տեսահոլովակի թեման, և ինչո՞վ է պայմանավորված թեմայի ընտրությունը:
Հայրենասիրական թեմայով է, նվիրված մեր ժամանակների բոլոր հերոսներին: Իսկ որոշեցինք այդ թեմայով, որովհետև այն արդիական է, և մեր ժողովրդին միշտ էլ պետք են եղել այդպիսի երգերը, որոնք մարդկանց ոգևորում են: Եվ այդպիսի երգերն են նաև, որ օգնել են մեզ հաղթանակներ ունենալ:
Ցավոք, այսօր կոմերցիոն երաժշտությունն ընդունված է ոչ միայն ռեստորաններում, այլ նաև շատ դեպքերում հնչում է մեծ բեմերում և անցնում է լեփ—լեցուն դահլիճներով: Ժողովրդական երգն այսօր դահլիճ լցնելու խնդիր ունի՞:
Խնդիրներ կան, որովհետև այսօր շատերը հեռանում են Հայաստանից, ու համերգներին ակտիվ մասնակցողների քիչ մասն է մնում այստեղ: Հիմա մենք մեր անսամբլով փորձում ենք ինչ-որ հետաքրքիր բան մտածել, որը կգայթակղի հանդիսատեսին, և նա կցանկանա գալ ժողովրդական երգ ունկնդրելու:
Դուք միաժամանակ երեք համույթում եք երգում՝ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում, «Գոհար» համույթում և Հայաստանի ակադեմիական երգչախմբում: Հե՞շտ է համատեղել այնպես, որ աշխատանքը ոչ մի տեղ չտուժի:
Փորձում եմ այնպես անել, որ ոչ մի տեղ թերի բան չլինի: Հիմա «Գոհարում» զբաղվածությունս այնքան էլ մեծ չէ: Այնտեղ միայն համերգներից երկու ամիս առաջ ենք սկսում փորձերը, իսկ առաջիկայում նոր համերգներ չեն սպասվում: Իսկ մյուս տեղերում հասցնում եմ ամեն օր գնալ փորձերի, դժվար է, բայց եթե մի բան սիրով ես անում, ամեն ինչ հնարավոր է:
Հարցազրույցը՝ ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
Լուսանկարները՝ Մարգար Եղիազարյանի անձնական արխիվից