Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել դատարան։ «Ազատության» հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
«Պարբերաբար ներկայացնելու ենք միջնորդություններ, քրեադատավարական օրենքի շրջանակներում օգտվելու ենք բոլոր թույլատրելի միջոցներից, որպեսզի մեր պաշտպանյալի պաշտպանությունն իրականացնենք պատշաճ կերպով։ Դա ներառում է համապատասխան միջնորդությունները և՛ դատարան, և՛ դատախազություն, ինչպես նաև միջնորդություններ են ներկայացվել քրեակատարողական վարչություն, Մարդու իրավունքների պաշտպանին։ Օրակարգում է նաև գանգատով ՄԻԵԴ դիմելու հարցը, և նախորդ Վերաքննիչի որոշումից հետո բողոք է տրված Վճռաբեկ»,- նշել է Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսների ընթացքում։ Նրա խափանման միջոց կալանավորումն առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Իսկ արդեն հունվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գրիգորյանին կալանավորելու՝ դատախազության բողոքը, և նա կրկին կալանավորվեց։