տուն Լուրեր Մանվել Գրիգորյանի թալանի պատասխանատուները

Մանվել Գրիգորյանի թալանի պատասխանատուները

158
0

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած տեսանյութից հետո հանրությունը շոկի մեջ է: Այն, ինչ թալանել է Մանվել Գրիգորյանը, ոչ մեկ չի կարողանում արդարացնել: Այն, ինչ տեսել ենք բոլորս, զայրացրել ու հուզել է:

Զենքեր, թալանված մեքենաներ, զինվորի բաժին ուտելիքը՝ արջերի համար, դպրոցականների ուղարկած պատերազմող զինվորի ուտելիքը՝ գազանների համար: Բարոյական տեսանկյունից Մանվել Գրիգորյանի արարքը սրբապղծություն է, իսկ ահա չոր փաստերն արձանագրելով մեկ բառ կա, որը կարող է բնութագրել Գրիգորյանի արարքները՝ հանցագործություն:

Սա հանցագործություն է, որի համար պատասխանատվության պետք է ենթարկվի ոչ միայն Մանվել Գրիգորյանը, այլ նաև այդ տարիների իրավական համակարգի այն կազմը, ովքեր եղել են պատասխանատու:

Հարցաքննության պետք է կանչվեն և հարցաքննվեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանն ու Արմավիրի ԱԱԾ վարչության պետը:

Անհնար է, որ Մանվել Գրիգորյանի կատարած հանցանքների մասին ԱԱԾ-ն տեղյակ չլիներ, իսկ եթե Գրիգորյանն այդ ամենը կարողացել է անել այնպիսի հմտությամբ, որ ԱԱԾ-ն չի նկատել, ուրեմն ԱԱԾ Արմավիրի մարզի վարչության պետը, Էջմիածնի բաժնի պետը և ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ պաշտոնեական անգործության համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Առաջին տարբերակով, եթե ԱԱԾ նախկին ղեկավար կազմը այդ մասին չի իմացել, ուրեմն նրանք պիտանի չեն կրելու ուսադիր և անպիտան են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պաշտպանել:

Կա նաև երկրորդ տարբերակ. այս մասին իմացել է ԱԱԾ-ն, և Գեորգի Կուտոյանը զեկուցել է Սերժ Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանը թույլ է տվել, որ Մանվել Գրիգորյանը կատարի հանցանքներ: Այս տարբերակով ամեն ինչ շատ ավելի է խորանում, քան կարելի է պատկերացնել: Եթե Սերժ Սարգսյանը թույլ է տվել, որ Մանվել Գրիգորյանը գողանա բանակի մեքենաներն ու սնունդը, եթե Սերժ Սարգսյանը թույլ է տվել, որ պատերազմող երկրի բանակին ուղարկված սնունդը Մանվել Գրիգորյանը յուրացնի, Սերժ Սարգսյանը պետք է սույն գործում ներգրավվի որպես մեղադրյալ: Սերժ Սարգսյանը կարող է ներգրավվել Մանվել Գրիգորյանի կատարած հանցակից և հավասար պատասխանատվության ենթարկվի յուրացման համար:

Սույն քրեական գործով հարցաքննության պետք է կանչվեն ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը և Վիգեն Սարգսյանը,  պատասխանելու հարցին, թե ինչպես է պատահում, որ զինվորի բաժին սնունդը ՊՆ-ից հասնում է Մանվել Գրիգորյանի գազանների վանդակ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարը եղել է հենց Սեյրան Օհանյանը: Սեյրան Օհանյանը պետք է նաև հարցաքննվի և ասի, թե ինչպես է ստացվում, որ բանակին նվիրաբերված «Վիլիսները» և շտապօգնության ՈՒԱԶ-ները առաջնագիծ գնալու փոխարեն հայտնվում են Մանվել Գրիգորյանի ավտոպարկում:

Ազգային անվտանգության ծառայությունից նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Մեզ հետաքրքիր օրեր են սպասում: Հիմա, երբ ՀՔԾ-ն ունի նոր ղեկավար և գործելու համար կաշկանդված չէ, հանրությունն առաջիկայում շատ մանրամասների մասին կիմանա:

Չխախտելով Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անմեղության կանխավարկածի մասին նորմը՝  Սերժ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանը, Գեորգի Կուտոյանը, Սեյրան Օհանյանը հանցագործներ չեն, քանի դեռ վերը նշված հանցանքների համար չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Հարություն Մկրտչյան