տուն Հասարակություն Իրավական Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցին դատի է տվել՝ պահանջելով 3 մլն դրամի փոխհատուցում

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցին դատի է տվել՝ պահանջելով 3 մլն դրամի փոխհատուցում

161
0

Կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Մաքսինֆո» լրատվամիջոցի՝ իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Araratnews.am-ին լուրը հաստատեց Գրիգորյանի փաստաբան Կարեն Ղոնյանը։

Ըստ փաստաբանի՝ Գրիգորյանը հայցադիմումով 3 մլն դրամի փոխհատուցման պահանջ է ներկայացրել «Մաքսինֆո»-ի հրապարակած «Առևտուր թուրքերի հետ․Մանվել Գրիգորյանի մասին ևս մեկ աղմկահարույց բացահայտում» վերնագրով նյութի համար, որում նշված է եղել, որ Մանվել Գրիգորյանը ժամանակին թուրքերին է վաճառել Վազգեն Սարգսյանի կողմից իրեն հանձված 1500 գլուխ ոչխար:

«Հայցադիմումը ներկայացված է։ Գումարը նշվել է միայն նրա համար, որ մարդիկ հասկանան՝ չի կարելի ապատեղեկատվություն տարածել։ Իսկ բռնագանձվող գումարը ուղղվելու է բարեգործությանը»,- նշեց փաստաբանը

Թե ե՛րբ կլինի դատը հարցին՝ Ղոնյանը պատասխանեց՝ օրը հայտնի չէ, քանի որ դատարանից դեռ որոշումը չեն ստացել։

Հավելենք, որ նշված հոդվածում Անահիտ Մնացականյանը պատմել էր.

«Ամուսինս՝ Կարեն Զարբաբյանը, այդ տարի նշանակվել էր Սիսիանի ներքին գործերի բաժնի պետ և միաժամանակ հանդիսանում էր Սիսիանի շրջանի պարետ: 1991-1992 թվականն էր, Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածը և շատ կարևոր նշանակություն ուներ սահմանամերձ շրջանների անվտանգության պահպանումը: Մի քանի օրվա ընթացքում սահմանին հարող ադրբեջանական բնակավայրերից թուրք ավազակախմբերը ներխուժել էին Սիսիանի սահմանամերձ գյուղեր և գողացել անասուններ:

Գողացված անասուններին հետ բերելու նպատակով Կարենի ղեկավարությամբ 3 օր Սիսիանի բարձրադիր սարերից կատարվում էին հետախուզական աշխատանքներ, 3 օր շարունակ Սիսիանի ցրտաշունչ քամիների տակ մեր օպերատիվ ջոկատը, իրականացնելով ռազմական գործողություններ, Ադրբեջանի տարածքից բռնագրավեցին 1500 գլուխ ոչխար:

Այդ մասին Կարենը տեղեկացրեց Վազգեն Սարգսյանին, և նրա անմիջական ցուցումով այդ 1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին: Կարենի կողմից խստիվ միջոցառումներ ձեռնարկվեցին, որպեսզի որևէ բնակիչ չհամարձակվի գեթ 1 հատ ոչխար վերցնի այդ հոտից, նույնիսկ գործողությունները իրականացնող օպերատիվ ջոկատը մի կուշտ փորով հաց ուտելու համար չհամարձակվեց խախտել Կարենի հրամանը:

1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին, որոշ ժամանակ անց ստացվեց տեղեկություն, որ այդ 1500 գլուխ ոչխարը վաճառվել է թուրքերին»: