Ազգային Ժողովի արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված 2015 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում ստորագրված ՀՀ-ի և Եվրասիական ընկերակցության ճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վարվերացնելու նախագիծը:
Հիմնական զեկուցողն է գլխավոր գանձապետ, Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Նրա փոխանցմամբ՝ 2009 թվականին ՀՀ-ն անդամակցեց Եվրասիական տնտեսական ընկերակացության հակաճգնաժամային հիմնադրամին, իսկ հիմնադրամի նպատակներն են անդամ երկրների բյուջետային կամ վճարային հաշվեկշռի նպատակով վարկերի տրամադրումը, ինչպես նաև անդամ երկրներում ներդրումային վարկերի տրամադրումը խոշոր ծրագրեր իրականցելու համար: «Այս ծրագիրը տեղավորվում է այս նպատակների շրջանակում, և ՀՀ-ին տրամադրվում է ներդրումային վարկ, Հայաստանի Հանրապետությունը կստանա 300 միլիոն ԱՄՆ դոլար վարկ՝ երեք տարվա ընթացքում հավասար մասնաբաժիններով` սկսած 2015 թվականից մինչև 2017 թվականը՝ տարին 100 միլիոն ԱՄՆ դոլար: Այս վարկի տոկոսադրույքը կազմում է 2.1 տոկոս և տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է»,- ասաց Ջանջուղազյանը:
Նախագծի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշելով, թե ինչու՞ չեն ներգրավվում վարկեր, որոնք հնարավորություն կտան երկրի ներսում ստեղծել գումար: «Ինչու՞ չեն բերվում վարկեր, որոնք կձեւավորեն արտադրական միավորներ, ինչու՞ չեն բերվում վարկեր, որոնց միջոցով կարելի է ներքին ռեսուրսները կիրառելով եկամուտ ապահովել»,- նշեց Ուրիխանյանը: Նա եւս մեկ անգամ օրինակ բերեց «Փարգինք Սիթիի» ընկերությանը, որն ունի յոթանասուն տոկոս եկամուտ: Պատգամավորը հիշեցրեց, որ բազմաթիվ անգամներ է այդ հարցը հնչեցրել, փոխարենը կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյունյանն ի պատասխան ասել է, թե ելույթը իրեն Ժիրինովսկու ելույթն է հիշեցրել: «Բա ինչ պետք է հիշեցնի: Մանուկ հասակից իշխանության մեջ բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցնում, ունեցվածքը միլիոնների է հասնում, իմ ելույթն՞րն են նրան նման բաներ հիշեցնում: Ու պատասխանը ո՞րն էր՝ մարդիկ կարմիր ներկ են գնել, տեսախցիկ գնել»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ կարելի էր վարկ վերցնել եւ գնել նույն կարմիր ներկն ու տեսախցիկը, իսկ եկամուտներն ուղղել պետական բյուջե:
Եզրափակելով՝ պատգամավորն ասաց, թե պետք է մենաշնորհներից ազատվել, բարելավել իրավական դաշտը, գողերին հեռացնել պետական ապարատից: Ըստ Տիգրան Ուրիխանյանի ՝ այս ամենին կարելի է հասնել հաջորդ ընտրություններում՝ իշխանությունը փոխելուց հետո: