Araratnews.am-ն այսօր տեղեկացրել է Լոռո մարզում տեղի ունցած ավտովթարի մասին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը զինվորականներ են և վթարի պատճառներից է նաև այն, որ ճանապարհն ամբողջովին եղել է մերկասառույց, պատկան մարմինը՝ Վանաձորի քաղաքապետարանը, չի բարեհաճել ճանապարհը մշակել աղ ու ավազով: Araratnews.am-ը կապ հաստատեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, տեղեկանալու, թե ինչու քաղաքապետարանն իր աշխատանքը չի կատարել: «Վանաձորի քաղաքապետարանը դրա հետ կապ չունի, դա միջպետական ճանապարհ է»,- ասաց Մամիկոն Ասլանյանը: Քաղաքապետը հավատացրեց, որ առաջին անգամ է լսում նման քննադատություն. Վանաձորի ճանապարհներն աղապատված են:
Միջպետական ճանապարհների վիճակի համար պատասխանատու է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Սակայն նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը մեզ ասաց, որ այդ ճանապարհահատվածը նախարարության սպասարկման ենթակայության տակ չէ:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից էլ Araratnews.am-ը տեղեկացավ, որ վթարի հետեւանքով Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մեկ զինվորական կապիտան կոչումով: Մյուս զինվորականը մայոր կոչմամբ «Վանաձոր» ԲԿ-ում է: «Կապիտանի վիճակը ծանր կայուն է, մայորը կոտրվածքներ ունի: Վիճակն էլ միջին ծանրության է: Վթարի են ենթարկվել սեփական մեքենայով»:
Հ.Գ. Փաստորեն պատկան կառույցներն իրար վրա են բարդում մեղքը եւ խուսափում պատասխանատվությունից: Հարց է ծագում՝ ի վերջո է պատասխանատու այդ ճանապարհի սպասարկման համար:
Սոնա Դավթյան