տուն Լուրեր Մանրամասներ՝ ՔՊ-ական թեկնածուի ենթաշտաբի պետի մեքենան հրկիզելու դեպքից

Մանրամասներ՝ ՔՊ-ական թեկնածուի ենթաշտաբի պետի մեքենան հրկիզելու դեպքից

112
0

Գիշերը Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գաբրիել Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի մեքենան հրկիզել են հենց տան մուտքի առաջ: Սարիբեկյանի որդին այրվածքներ է ստացել: Դեպքի վայրում է եղել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով Araratnews.am-ին դեպքից մանրամասներ հաղորդեց:

«Իրավապահներն աշխատում են: Ես դեպքի վայրում եմ: Լիահույս եմ, վստահ եմ, որ իրավապահները շատ շուտ արդյունք կգրանցեն, որովհետև ամբողջ ծավալով գործողություններ են իրականացնում: Պարզապես շատ մտահոգ եմ, որ նաև բնակարանի վրա է ոտնձգություն եղել: Մոտիվի և նպատակների մասին ոչինչ ասել չեմ կարող: Պարզապես արձանագրեմ փաստը, որ մեր ենթաշտաբներից մեկի պետի տան մոտ է դեպքը եղել, ով բավականին հասուն քաղաքական գործունեություն ծավալող, ծանրակշիռ անձ է, և նման ոտնձգությունը աններելի ու անթույլատրելի է»,- ասաց նա:

Պետրոսյանը խոսեց նաև դեպքից տուժածների վիճակից. «Սարիբեկյանի որդին ձեռքի այրվածքներ ունի, քանի որ դռան առջև են հրկիզող հեղուկ լցրել, և հրդեհը տուն է թափանցել: Որդին այրվածքներ է ստացել բռնակը բռնելիս, որ դուռը բացի ու հրդեհը հանգցնի: Նա խոր վերքեր է ստացել: Վահան Սարիբեկյանը ևս ձեռքի շրջանում վերքեր ունի, արդեն դատաբժշկի ուղեգիր է ստացել: Քննչական գործողություններ են իրականացվում, հիմա սպասենք իրավապահների գործողությունների արդյունքներին»: