տուն Լուրեր Մանր ժուլիկություն. ՀՀԿ-ն փոխե՞լ է «Ելքի» քվեաթերթիկները (տեսանյութ)

Մանր ժուլիկություն. ՀՀԿ-ն փոխե՞լ է «Ելքի» քվեաթերթիկները (տեսանյութ)

90
0

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ընտրություններում Բարձրագույն դատական խորհրդի անդամների բոլոր թեկնածուներն ընտրվեցին։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց քվեարկության արդյունքները։ Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանին ընտրել է 96 պատգամավոր, 2 պատգամավորներ են միայն դեմ եղել նրա թեկնածությանը։ Երկրորդ տեղի համար թեկնածու Գևորգ Դանիելյանին կողմ քվեարկել է 90 պատգամավոր, դեմ՝ 7, Լիպարիտ Մելիքջանյանին կողմ քվեարկել է 82 պատգամավոր, դեմ են եղել 15-ը, մյուս թեկնածու Հայկ Հովհաննիսյանին կողմ քվեարկել է 86 պատգամավոր, դեմ՝ 11, Սերգեյ Մեղրյանին կողմ քվեարկել է 87, դեմ` 10: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ԲԴԽ ընտրված անդամները երդվեցին իրենց պարտականությունները կատարել Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։

Քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, որ վստահորեն կարող  է պնդել, որ իրենց խմբակցության յոթ պատգամավորները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանի եւ Գեւորգ Դանիելյանի թեկնածությանը: Փաշինյանը արդյունքների՝ այս պատկերով հրապարակումը համարեց իշխանության կողմից մանր ժուլիկություն, քաղաքական հեռուն գնացող նպատակներով արված քայլ` ուղղված «Ելք» դաշինքին:

Արձագանքեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, նշելով, որ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արձանագրության տակ: Նշենք, որ այս հանձնաժողովի անդամ է «Ելք» դաշինքից Լենա Նազարյանը: Վերջինս եւս խոսեց, ասելով, որ իր համար վերջնական արդյունքը պարզ չի եղել, եւ հնարավոր է` դեմ քվեաթերթիկները փոխվել են:

Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա հայտարարեց, որ ոչ Գագիկ Հարությունյանի եւ ոչ էլ մյուս անդամների համար էական չէ, թե քանի ձայնով են ընտրվել, և հորդորեց նման խլրտումներ չմտցնել ԱԺ բնականոն աշխատանքի մեջ:

Ելույթ ունեցավ նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ  հաշվիչ հանձնաժողովի անդամների վերաբերյալ որեւէ կասկած չկա, հետեւաբար առաջարկում են վերահաշվարկ կատարել:

Փաշինյանը դարձյալ կրկնեց, որ անհրաժեշտ է քվեաթերթիկների հաշվարկը դռնբաց կատարել:

Փայլակ Ֆահրադյան