Նախօրեին հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցած զարգացումները շարունակում են մնալ հասարակական ուշադրության կենտրոնում: Խոսքը «Ծառուկյան» դաշինքի 12 «առաքյալների» մասին է, ովքեր նախօրերին մանկական տրամաբանությամբ փորձում էին հանրությանը ապակողմնորոշել, հայտարարելով, թե սեւով սպիտակի վրա իրենց ձեռագիրը չէ, եւ որ իրենք մանդատ են ուզում ու վերջ: Նոր ընտրական օրենսգիրքն արգելում էր ինքնառաջադրումները, այլ կերպ ասած մանդատ տենչողները պետք է քաղաքական հենարան ունենային:
Քաղաքական դաշտում «թրծվածները» այդպես էլ վարվեցին: Նրանք հարմար տեղավորվեցին երկրորդ քաղաքական ուժը համարվող ԲՀԿ-ում, որը խորհրդարանական ընտրություններին մասնակցեց «Ծառուկյան» դաշինքով: Ի դեպ դաշինքի արեւի տակ ծվարեցին նրանք, ովքեր տարիներ շարունակ հանդես էին գալիս արմատական ընդդիմության շարքերից, եւ քննադատում էին նույն Գագիկ Ծառուկյանին: Մանդատը քաղցր բան է, սկզբունքով, սակյան անսկբունքայնություն ցուցաբերողները այլ վարքագիծ չէին կարող դրսեւորել, քան ընդունել սեփական պարտությունը: Խոսքը կայանում է նրանում, որ նոր ընտրական օրենսգրքի համաձայն մանդատ ստանալու հավանականությունը մեծ է նրանց մոտ, ովքեր տվյալ կուսակցությանը, կամ դաշինքին առավել մեծ թվով ձայներ կբերեն: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ «Ծառուկյան» դաշինքի դեմ ընդվզողները մեղմ ասած ցանկալի արդյունքը չեն ապահովել, եւ հետեւաւաբար բարոյական որեւէ իրավունք չունեն մանդատ ստանալու:
Պարզ մաթեմատիկական հաշվարկ է, չկան բավարար թվով ձայներ, չկա նաեւ մանդատ: Ակնհայտ է, որ սա գիտակցում են նաեւ դաշինքի տվյալ ներկայացուցիչները, ովքեր սակայն անձեռնամխելիություն ստանալու անհագ ցանկությամբ տոչորված որոշեցին «քցել» , իրենց վերեւ բարձրացողին, խախտելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը: Իսկ, որ դաշինքի առաջնորդի եւ ներկայացուցիչների միջեւ նախընտրական շրջանում պայմանավորվածություններ են եղել, չի հերքել նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Դա բացարձակ սուտ է, իրականությանը չի համապատասխանում եւ կարծում եմ, որ եթե իրավական կողմին անդրադառնանք ու իրավապահ մարմինները որոշեն այս հարցով զբաղվել, ապա, միանշանակ, սուտ մատնության մեղադրանք կարող է նրանց առաջադրվել, որովհետեւ մեկ ձեռագրաբանական ուսումնասիրությունն էլ բավարար է, որ վերջ դրվի այս խոսակցություններին։ Նրանք բոլորն են գրել ու ստորագրել այդ դիմումները և այդ գործընթացը այնպես չէ, որ տեղի է ունեցել գաղտագողի կամ ծածուկ, մարդիկ են ներկա եղել և, կարծում եմ, պրիմիտիվ սուտ է կամ սեփական գործողություններն արդարացնելու ինչ-որ փորձ, ոչ ավելին»,- «Ծառուկյան դաշինքի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն Aysor.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքել «Ծառուկյան» դաշինքի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին:
Ինչ հետեւանքներ կունենան զարգացումները ցույց կտա ժամանակը: Ակնհայտ է մեկ բան. Պատգամավորական անձեռնամխելիությունը ալիբի չի կարող դառնալ, շրջանցելու ճշմարտություն ու օրենքը, առավել եւս, որ նախադեպեր կան:
Նյութի աղբյուրը՝ Armday.am