Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որը նախկինում լրագրող էր, այսօր ԱԺ ամբիոնից փարատեց լրագրողների մտահոգությունները և հայտարարեց, որ նրանց գործունեությունը ԱԺ-ում սահմանափակելու մտադրություններ չկան:
Նախկին լրագրողը վստահեցրեց, որ ԱԺ իշխանական խմբակցությունը երբևէ չի ունեցել ու չի ունենա մտադրություն սահմանափակել կամ խոչընդոտել լրագրողների գործունեությունը:
«Ազգային ժողովի դահլիճում նստած են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ձեզանից շատերի կողքին պայքարել են հանուն ազատ մամուլի ու խոսքի ազատության: Այժմ, երբ այդ ազատությունների մասով Հայաստանն ունի աննախադեպ իրավիճակ, ահեթեթ է մտածել, որ այս մարդիկ որևէ կերպ կընկրկեն ու կսահմանափակեն ձեր գործունեությունը:
Սիրելի լրագրողներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար և վերահաստատել, որ խոսքի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի, մամուլի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի, հանրային իշխանության բաց և հրապարակային գործունեությունը Հայաստանում այլընտրանք չունի», — հայտարարեց Խանդանյանը:
Նյութի աղբյուրը՝ aysor.am