Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հանդիպում է ունեցել ավագանու ընդդիմադիր անդամների հետ, որից հետո կարծում է, որ ավագանու հաջորդ նիստին քվորում կլինի: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Նա հերքեց մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե նոյեմբերի 25-ին նախատեսված է Վանաձորի ավագանու արտահերթ նիստ: «Նշանակված նիստ չկա, բյուջեն հանրային քննարկման կդնենք, 10-15 օր կանցնի, ինչ գրում են` ուղղակի մարդիկ զարթնում գրում են»,- ասաց Ասլանյանը: Նրա խոսքով՝ ավագանու նիստ նախատեսված է դեկտեմբեր ամսին:
Հարցին, թե ինչ աշխատանքներ են կատարվում, որ ընդդիմադիրները ներկայանան ավագանու նիստին, Վանաձորի քաղաքապետը տվեց հետեւյալ պատասխանը. «Գիտեք` աշխատանք չի էլ տարվում, ուղղակի ես պարտավոր եմ եղել բոլոր քաղաքական թեւերի հետ զրույցներ ունենամ, բացատրեմ իրողությունը, որ սա ինձ համար չեմ անում, ես ընտրված քաղաքապետ եմ, ժողովրդի եւ ավագանու վստահության քվեն ստացած, ստեղ ավելի շատ խնդիրը Վանաձորի ավագանուն է վերաբերում, որ Վանաձորի զարգացման հետ կապված մի շարք ծրագրեր կան քննարկելու, եւ այդ քննարկումները լինեին ավելի առողջ, եւ մեր ավագանու անդամները, ինչպես նշել էին իրենց նախընտրական ծրագրերում, իրենց գիտելիքների պաշարով մասնակցեին»:
Քաղաքապետը պնդում է, որ ընտրված քաղաքապետ է, եւ կոմպլեքսներ չունի, քանի որ նժարին դրված է Վանաձորի զարգացման ապագան: «Ես չէի ուզի նախորդ տարվա բյուջեով կառավարեի, իհարկե, դրա իրավունքը ունեմ, բայց ուզում եմ ամեն ինչ կառուցողական դաշտում լինի»,- ասաց նա:
Հարցին, թե հանդիպում եք ունեցել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, ի՞նչ պայմանավորվածություն եք ձեռք բերել, Ասլանյանն ասաց, թե չի ցանկանում անձնական զրույցները հրապարակայնացնել: Դիտարկմանը, թե հանդիպման ընթացքում արդյո՞ք քաղաքական բնույթի զրույց չի եղել, քաղաքապետը սկսեց մեկնաբանել: «Ամեն դեպքում ես քաղաքական մարդ եմ, անձնական զրույցներում… ուղղակի ինձ թվում է, որ մի պահ որ հայտարարել են բոյկոտի մասին, հիմա, այսպես ասած, մեկը մյուսի նկատմամբ մտավախություններ ունի, որ հանկարծ ինքն առաջինը նիստին չմասնակցի, խնդիրներ միմյանց հետ չունենան, եւ երկրորդ պլան է մղվել բուն Վանաձորի խնդիրը»,- ասաց Ասլանյանը, հավելելով, թե ոմանց համար Վանաձորը դիտարկվում է որպես ընտրատարածք, իսկ ժողովուրդը՝ ընտրազանգված:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ եթե Մամիկոն Ասլանյանին չհաջողվի այս անգամ էլ քվորում ապահովել, ապա նա հրաժարական կներկայացնի, քաղաքապետը նշեց. «Ես որեւէ իշխանական կուլիսներից որեւէ ազդակ չունեմ, չեմ կարող ասել»: Ասլանյանը պնդեց, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:
Փայլակ Ֆահրադյան