տուն Լուրեր ՄԱԿ-ի զեկույցը՝ ՀՀ-ում գենդերային հիմնախնդիրների մասին

ՄԱԿ-ի զեկույցը՝ ՀՀ-ում գենդերային հիմնախնդիրների մասին

107
0

f0097ae983692487377b12105948_1627134704205881_7109732968517757841_n

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրապարակել է զեկույց՝ «Գենդերը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում», որում ներկայացված են Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման ոլորտներում առկա գենդերային հիմնախնդիրները։

Հայաստանում տնտեսապես ակտիվ կանանց 40 տոկոսից ավելին ներգրավված է գյուղատնտեսության ոլորտում՝  ի հակադրություն տղամարդկանց 30 տոկոսի։ Այս կանանց գերակշիռ մասը պաշտոնապես չգրանցված աշխատողներ են իրենց ընտանեկան տնտեսություններում, ինչն էլ, համաձայն ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, մի շարք կարևոր հետևանքներ ունի գյուղական ապրելակերպի և բարեկեցության վրա։

Գյուղական շրջաններում, ըստ զեկույցի, տղամարդիկ մեկնում են երկարաժամկետ աշխատանքային միգրացիայի, ինչի հետևանքով գյուղական ընտանիքների 27,2 տոկոսում գլխավորը կինն է:

Զեկույցում նշվում է. «Հավանականությունը, որ կին գլխավորով տնային տնտեսությունները կհայտնվեն ծայրահեղ աղքատության մեջ, մի փոքր ավելի է, քան տղամարդկանց կողմից գլխավորվող տնային տնտեսությունների դեպքում։ Սա տեղի է ունենում մասամբ այն պատճառով, որ գյուղական շրջաններում եկամտի ստեղծման հնարավորությունները կանանց համար ավելի սահմանափակ են, և գոյություն ունի սեռով պայմանավորված անհավասար վարձատրություն, սակայն հիմնական պատճառն այն է, որ կին գլխավորով տնային տնտեսությունները, որպես կանոն, մեկ գլխավոր ունեցող ընտանիքներ են, ինչը սահմանափակում է աշխատունակ տարիքի անձանց թիվը, ովքեր ի վիճակի են իրենց նպաստը բերելու ընտանիքի եկամտի ստեղծմանը»:

Ըստ զեկույցի` ընտանեկան ֆերմաներում ոչ պաշտոնապես աշխատող գյուղացի կանայք Աշխատանքային օրենսգրքով սահմանված որևէ փոխհատուցում չեն ստանում, օրինակ՝ հիվանդության պատճառով արձակուրդ և երեխայի խնամքի նպաստ, քանի որ համարվում են կա´մ ինքնազբաղված, կա´մ ոչ ակտիվ։ Գյուղական համայնքներում զբաղվածություն ունեցող կանանց երկու երրորդը դրամային եկամուտ չի ստանում, երբ ինքնազբաղված է: