Ազգային ժողովն այսօր շարունակեց արտահերթ նիստի աշխատանքները: Քննարկման առանցքում նոր Ընտրական օրենսգիրքն էր: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին` Ընտրական օրենսգիրքը փոխվում է, բայց իշխանությունները շարունակում են կեղծել ընտրությունները: Վկայությունը` հոկտեմբերի 2-ին Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ընտրությունները:
Իշխանությունները վերարտադրության համար գործի դրեցին հին եւ նորացված մեթոդներ, մեղավո՞ր է արդյոք Ընտրական օրենսգիրքը, որ հերթական անգամ կիրառվեց վարչական ռեսուրս, բաժանվեց ընտրակաշառք, իսկ թաղային հեղինակությունները, որոնց շատ հաճախ նույն իշխանությունը ներդնում եւ անվանում է` «արջի ծառայություն մատուցողներ», դարձյալ առաջին պլանում էին: Իշխանությունների հետ կոալիցիոն համաձայնագիր ստորագրած դաշնակցական պատգամավոր Միքայել Մանուկյանը նշում է` Ընտրական օրենսգրքում տեղ են գտել որոշակի բացթողումներ, ուստի Դաշնակցությունը մտավախություններ ունի:
Ընտրական օրենսգրքում ոչ թե փոփոխություններ են կատարվել, որոնք միտված էին խայտառակ իրավիճակը շտկելուն, այլ տեղի է ունեցել բառերի փոփոխություն, ինչը որեւէ կերպ չի կարող վստահություն ներշնչել` ասում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նրա խոսքով` Ընտրական օրենսգիրքը ոչ թե կոսմետիկ փոփոխությունների է ենթարկվել, այլ նահանջ է արձանագրվել: Նրան զարմացրել է նաեւ ընդդիմադիր այն պատգամավորների տեսակետները, թե սա մեկ քայլ առաջ է նախորդից:
Ընտրական օրենսգիրքը, դեռ չծնված, մահացել է` կարծում են ընդդիմադիր պատգամավորները: Կլինիկական մահն էլ արձանագրվել է Վանաձորում եւ Գյումրիում: Հանրապետական Հովհաննես Սահակյանը համակարծիք չէ: Նրա խոսքով` ընդդիմադիր պատգամավորները պարզապես քննարկումների ժամանակ զբաղված են եղել միմյանց հետ զրուցելով, շեղվելով բուն թեմայից, հիմա էլ Ազգային ժողովի ամբիոնն օգտագործում են դիվիդենտներ շահելու համար:
ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ շեշտում է` անգամ կատարյալ Ընտրական օրենսգրքի պարագայում, եթե իշխանությունները քաղաքական կամք չդրսեւորեն, ապա ընտրությունները չեն կարող անցկացվել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Հակոբյանը միեւնույն ժամանակ նշում է, որ այս ամենում մեղքի իր բաժինն ունի նաեւ ընդդիմությունը: Պատգամավորը հիշեցնում է Վանաձորում ստեղծված իրավիճակը, որտեղ քիչ էր մնում ՀՀԿ-ն դառնար ընդդիմություն, մինչդեռ եղավ այն, ինչ եղավ:
Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները կշարունակվեն նաեւ առաջիկայում: Ի դեպ, Ազգային ժողովում նիստի մեկնարկից րոպեներ անց օրենսդիրները հերթով լքեցին նիստերի դահլիճը: Հանրապետականներն ու խորհրդարանում իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը հեռացան` մոռանալով Ընտրական օրենսգիրքն ու դրանում առկա բացերը:
Հավելենք, որ քննարկումներին ներկա չէր անգամ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Փայլակ Ֆահրադյան