Հոկտեմբերի 6-ի գիշերը սպանվեց ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, որը հայտնի էր Յուվեցի Կարո մականվամբ: Մամուլում լուրեր տարածվեցին, որ սպանությունը կատարել է նախկին պատգամավոր, Կարո Կարապետյանի երբեմնի ընկեր Հարություն Ղարագյոզյանը՝ հայտնի որպես Կարամելի Հարութ:
Այսօր առավոտյան, երբ ոստիկանությունը հաստատեց, որ սպանություն կատարողը հենց Կարամելի Հարութն է, լուր տարածվեց այն մասին, որ Զովունիում էլ ինքնասպան է եղել Հարություն Ղարագյոզյանը:
Դետեկտիվ ժանր հիշեցնող այս «բեսթսելլերը», ցավոք, իրականություն է. նախկին պատգամավորը սպանում է ընկերոջն ու ժամեր անց ինքնասպան է լինում: Ոչ պաշտոնապես, սակայն, շրջանառվում է վարկած, որ նախկին պատգամավորները գույքային վեճ են ունեցել և հացի սեղանի շուրջ այդ հարցն են քննարկել, որն էլ հաշտության կենացից վերածվել է ողբերգական իրադարձությունների:
Հարց է առաջանում. ինչո՞ւ են սպանում իրար, եթե կարող էին այդ վեճը լուծել օրենքի շրջանակներում, հատկապես որ Կարո Կարապետյանը նախկին քննիչ է և օրենքները կարող էր իմանալ: Պատասխանը հստակ է. այս մարդիկ քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են, նրանք երբեք իրենց հարցերը չեն լուծել օրենքի շրջանակներում և չեն իմանում դատարանի կարևորությունը, այս մարդիկ սովոր են սպանել ու ավերել: Նախկինում, երբ իրենք իրար մեջ հարցեր լուծել չէին կարողանում, այդ ամենով զբաղվող կար՝ քրեաօլիգարխիկ համակարգը ղեկավարող դոնը, որն այս ապրիլին հեռացել է:
Սերժ Սարգսյանի հեռանալով՝ անտեր է մնացել իշխանության հետ միաձուլված քրեաօլիգարխիկ համակարգը, ու այս տեսանկյունից սպանությունն ու ինքնասպանությունը օրինաչափ են:
Նախորդ 20 տարիների այս ռազբորկաները միշտ էլ եղել են, սակայն, այսպես կոչված՝ հակամարտող կողմերն այն ժամանակ նայում էին Սարգսյանի նկարին և կոմպրոմիսի գալիս: Հիմա խորհրդանշական այդ նկարի շունչն ու շողքը չկա, և գործի է դրվում զենքը:
Երեկվա ու այսօր առավոտվա միջադեպը ցույց է տալիս, որ քրեական օլիգարխիան կազմաքանդվում է, և երկրում օրինականության հաստատմանը զուգընթաց մենք դեռ նման միջադեպերի ականատես ենք լինելու: Եթե նախկինում այս մարդիկ էին սպանում կամ ահաբեկում, հիմա նրանք միմյանց են ահաբեկում ու սպանում:
Մինչ ԱԺ ներկայիս մեծամասնության պոպուլիստները քննադատում են վարչապետի՝ «ասֆալտին փռելու օպերացիան», տեղի ունեցած արյունոտ միջադեպը գալիս է մեզ համոզելու, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, սրանց պետք է փռել ասֆալտին, որ խելքները գլուխները հավաքեն ու իրար վրա չկրակեն: Ոստիկանությունն այս տեսակի հանդեպ պետք է ավելի խստացնի մոտեցումն ու 24-ժամյա ռեժիմով վերհսկողություն սահմանի:
Վերլուծելով տեղի ունեցածը՝ գալիս ենք այն եզրահանգման, որ ներկայիս խորհրդարանը պետք է լուծարվի րոպե շուտ, որովհետև այսօրվա ԱԺ-ում գերակշռում են յուվեցի կարոներն ու կարամելի հարութները: Այսօրվա խորհրդարանում գերակշռում են քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները: Ահա սա է պատճառը, որ ժողովուրդը պարտադրում է ցրել խորհրդարանն ու խորհրդարանում ներկայացուցիչներ նշանակել ոչ թե հանցագործ աշխարհի «հարց լուծող» օդիոզ դեմքերի, այլ քաղաքական գործիչների:
Հարություն Մկրտչյան