Իսպանիայի մայրաքաղաքում հարգել են 2004 թվականի մարտի 11-ին երկրի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը:
Մադրիդի Պուերտա դել Սոլ կենտրոնական հրապարակում ծաղկեպսակ Է դրվել հուշատախտակի մոտ: Ակցիային մասնակցել են կառավարության նախագահի պաշտոնակատար Մարիանո Ռախոյը, Մադրիդի ինքնավար հանրակցության ղեկավար Կրիստինա Սիֆուենտեսը եւ քաղաքագլուխ Մանուելա Կարմենան: Տեղական ժամանակով ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին) մայրաքաղաքի գլխավոր ժամացույցը, որը զարդարում Է Պուերտա դել Սոլի փոստատան շենքը, ինչպես նաեւ Մադրիդի բոլոր եկեղեցիները երկու րոպե զանգեր են զարկել:
2004 թվականի մարտի 11-ի առավոտյան պիկ ժամին մի քանի րոպեի տարբերությամբ 10 պայթյուն Է որոտացել Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքամերձ չորս գնացքներում: Ահաբեկչական գործողությունները կազմակերպվել Էին թագավորությունում խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ: Ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 193 մարդ, եւս 1,9 հազարը տուժել Է: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել են «Ալ Քաիդա» ցանցի հետ կապված ահաբեկիչները:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է թագավորության ներքին գործերի նախարարությունը, կառավարությունը 324 մլն եվրոյի չափով փոխհատուցում Է վճարել ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժածներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: