Lydian International ընկերությունը, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման արտոնագիրը, պարապուրդի ամեն օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։ Այս մասին ուրբաթ բնապահպանական ակտիվիստների և Հայաստանի կառավարության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Lydian International-ի նախագահ Ժոաո Կարելոն։
«Այստեղ խոսում էին այն մասին, թե ես դատական գործերի մասնակից եմ։ Մենք միջազգային ընկերություն ենք` գրանցված Մեծ Բրիտանիայում և Տորոնտոյի ֆոնդային բորսայում։ Այնպես որ մենք շատ թափանցիկ ենք` որպես ընկերություն։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես մասնակցել եմ միջազգային դատական գործընթացներին, ապա նա չի մտել մեր կայք։ Այնտեղ կան ընկերության բոլոր ղեկավարների ու մենեջերների կենսագրությունները։ Ես այդ բիզնեսի մեջ եղել եմ 35 տարի։ Աշխատել եմ միայն միջազգային և հայրենական ընկերություններում։ Ես հանքարդյունահանող ոլորտի ինժեներ եմ և երբեք չեմ ներգրավվել միջազգային դատական գործընթացներում», — հայտարարեց Կարելոն։
Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրին, Կարելոն նշեց, որ Lydian-ի պես լեռնահանքային ոլորտի ներդրողները սովորաբար ներդրումներ են անում միայն այն ժամանակ, երբ նրանց հրավիրում են։
Միաժամանակ նա նշեց, որ ներդրողների համար կարևոր է իրենց ներդրումների և իրենց պաշտպանվածության զգացողությունը։ Նրա խոսքով` Ամուլսարի շահագործման արտոնագիր ստանալիս ընկերությունը ղեկավարվել է համաշխարհային չափանիշներով։
«Արտոնագիր ստանալով` ընկերությունը պարտավորվել է այնպես անել, որ իր աշխատանքի արդյունքում կողմերը գոհ մնան, այդ թվում` ներդրողները, աշխատակիցները, համայնքները, ներգրավված պետությունները», — ասաց նա։
Սակայն, ինչպես նշեց խոսնակը, այս ամենից հետո Lydian International-ը և նրա դուստրը` Lydian Armenia-ն, ստիպված են սպասել, որովհետև հանքը պարապուրդի է մատնվել։
«Քանի դեռ հանքը փակ է, և մենք չենք կարող շարունակել շինարարությունը, ես ստիպված եմ ամեն օր շուկայից ներգրավել լրացուցիչ 500 հազար դոլար։ Վերջին երկու ամիսների ընթացքում ընկերությունը չի կարողացել աշխատել 26 օր։ Դա նշանակում է, որ ֆինանսական տեսանկյունից մենք պետք է գտնենք 14 միլիոն դոլար պարապուրդի պատճառով», — ասաց Ժոաո Կարելոն։
Պորտուգալացին նշեց, որ միջազգային ներդրումային հանրությունը տեսնում է այդ ամենը և հարցեր տալիս։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Կարելոյի հարցին, ասաց, թե որքան կարող է սպասել Lydian International-ը, մինչև Հայաստանի կառավարությունը փաստեր հավաքի և դիրքորոշում մշակի հանքի վերաբերյալ։ Կարելոն նշեց, որ Lydian International —ը ողջունում է տեսչական ստուգումներ անցկացնելու գաղափարը, բայց դրանք պետք է ընթանան հանքի շահագործմանը զուգահեռ։
Վարչապետը նշեց, որ իրավիճակը բարդ է. Lydian International-ը մեծ ներդրումներ է արել, ինչում Փաշինյանն անձամբ համոզվել է։ Մյուս կողմից, հայ հասարակությունում կասկածներ կան Ամուլսարի հանքը շահագործելու նախագծի վերաբերյալ։
«Ես հասկանում եմ, որ դժվար կլինի լուծել հարցը, մեզ ժամանակ է պետք, որպեսզի Հայաստանի կառավարությունը կարողանա որոշում ընդունել` հիմնվելով փաստերի, այլ ոչ թե զգացմունքների վրա», — ասաց նա։
Միաժամանակ Փաշինյանը հաղորդեց, որ Հայաստանի կառավարությանը պարզ են բոլոր կողմերի դիրքորոշումները, իսկ այն տեղեկատվությունը, որը պատվիրակությունը կարող է ստանալ տեղում, ստացված է։ Վարչապետը կառավարության անունից խոստացավ շուտով դիրքորոշում մշակել և հայտնել այդ մասին։