տուն Լուրեր Լրագրողները վերածվել են «դիկտոֆոնի». Ի՞նչ է ուզում կարդալ ընթերցողը

Լրագրողները վերածվել են «դիկտոֆոնի». Ի՞նչ է ուզում կարդալ ընթերցողը

79
0

smi

Այսօր Հայ մամուլի օրն է, դաշտում տիրող վիճակի եւ առկա խնդիրների մասին զրուցեցինք «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ:

«Այսօր հայ մամուլը խեղճացած, թուլացած վիճակում է. իշխանություններին հաջողվել է մամուլին թուլացնել՝ այն վերածելով քարոզչական, գովազդ, PR միջոցների, բայց ոչ ԶԼՄ միջոցի. մենք դա էինք ակնկալում 20-25 տարի առաջ»,- մեզ հետ զրույցում ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Այս ամենում, ասաց, ավելի մեծ է իշխանությունների մեղքը. «Իշխանություններն ավելի մեղավոր են, քան ԶԼՄ-ները: Եթե շարունակ բռնություններ են տեղի ունենում լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ, մարդիկ էլ ցանկանում են ե´ւ կյանքի իմաստով, ե´ւ կենսական պայմանների իմաստով ապահով լինել, եւ այդ լրատվամիջոցը չի կայանում: Բոլորը չէ, որ կուզենան էշի նահատակ լինել եւ անձնուրացաբար զոհվել»:

Նշեց նաեւ՝ լրագրողները ենթարկվում են իրենց խմբագիրների պահանջներին՝ կատարելով պատվերներ, տեղի է ունենում գրաքննություն կամ ինքնագրաքննություն:

Բացի դա՝ ԶԼՄ դաշտում, ըստ Լևոն Բարսեղյանի, կա նաեւ պրոֆեսիոնալիզի պակաս. «Երբ մարդը բուհն ավարտում է անբավարար գիտելիքներով եւ սկսում է լրագրող աշխատել, բազմաթիվ սխալներ է թույլ տալիս՝ սկսած տեղեկություն ճշտելուց մինչև բազմակարծություն ապահովելը, եւ այդպես ապականելով սեփական նյութը: Աշխարհում ընդունված լրագրողական էթիկայի նորմերը մեզ մոտ խախտվում են՝ երբեմն չիմացության արդյունքում, երբեմն էլ ՝ դիտավորյալ»:

Կան նաեւ այնպիսիք, որոնք պատվեր կատարող են, բայց ներկայանում են որպես լրագրող. «2003-2004 թթ., երբ Քոչարյանը հայտարարեց, որ աղետի գոտի գոյություն չունի, զարգացման գոտի է` երևի 2-3 լրագրող գտնվեց, որ մտավ Գյումրու տնակային թաղամասեր եւ լուսաբանեց՝ ցույց տալով, որ ոչ մի զարգացման գոտի էլ չկա, կա պարզապես աղետի գոտի»:

Հարցրեցի՝ ի՞նչ կուզենա կարդալ, որպես ընթերցող, իրեն ի՞նչն է հետաքրքրում. «Վերլուծական նյութերը, իշխանության չարագործությունների բացահայտումները, հանրային միջոցների չարաշահումների մասին հոդվածները, փաստի լրագրությունը չի հետաքրքրում, չի հետաքրքրում՝ Սերժիկը որտեղ ինչ ժապավեն կտրեց: Որակյալ վերլուծություններ, քննադատություններ, հրապարակային բանավեճեր չկան, չկա բազմակարծություն»:

Եզրափակեց՝ լրագրողը վերածվել է դիկտոֆոնի, նրան աշխատանքն այնքան էլ չի հետաքրքրում: