Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար 25 հասցեի բնակիչ Նարե Տեր-Գաբրիելյանն ահազանգում է՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց բակում ծառահատում են իրականացնում:
Araratnews.am-ի հետ զրույցում Նարեն պատմեց, որ վաղ առավոտյան համատիրությունից եկել են, նշել, թե բարեկարգում են իրականացնում, ապա սկսել են ոչնչացնել բակի կանաչապատ հատվածը:
«Խոսել են տատիկիս հետ , ասել են՝ դեմ չե՞ք, եթե մի փոքր մաքրենք տարածքը, տատիկս ասել է՝ դեմ չի, հետո ենթադրում եմ՝ նույն կերպ մյուս հարևաններին են խոսեցրել և գործընթացը սկսել են: Կացնահարել են արդեն քսան տարուց ավել աճող խաղողի վազերը: Բնակիչները հարցրել են՝ ինչո՞ւ եք կտրում, եկել էիք մաքրելու, ոչ թե կտրելու, ասել են՝ չորացած ճյուղերն ենք կտրում, բայց չորացած ճյուղ չկա: Կտրել են նաև մի քանի փոքր ծառ, որի տեղում «բիսեդկա» է նախատեսվում»,- պատմեց Նարեն:
Չնայած բողոքներին՝ Նարեն ասաց, որ քաղաքապետարանի աշխատակիցները դեռ շարունակում են իրենց «գործը». «Մեծ բարդիներ կան տարածքում դրանց դեռ հերթը չի հասել, բայց բնակիչները մտավախություն ունենք, որ այդ ծառերին էլ հերթը կհասնի: Ասում են, որ սիրուն բան պետք է սարքենք, ո՞վ է տվել մեզնից համաձայնություն, կամ ի՞նչը պետք է բնությունից ավելի սիրուն լինի»:
Ի դեպ, Նարե Տեր-Գաբրիելյանի կարծիքով՝ ծառերը կտրելու ժամը հատուկ է ընտրվել, երբ թաղամասի բնակիչների մեծ մասն աշխատանքի են:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, երբ ապօրինի ծառահատման դեպքն էր գրանցվել նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ էր արձագանքել միջադեպին՝ այն որակելով «բարբարոսություն»: