Հունիսի 8-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան — Լիխտենշտեյն հանդիպմանն ընդառաջ Լիխտենշտեյնի ֆուտբոլի ասոցիացիայի պատրաստած հոդվածում որպես մրցակից Հայաստանի հավաքականի փոխարեն նշվել է Ադրբեջանի հավաքականը։ Ավելի ուշ հոդվածը խմբագրվել է և սխալմունքն ուղղվել։ Այսօր ֆեդերացիայի մամուլի քարտուղարը ներողություն է խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
«Ներողություն եմ խնդրում այդ թյուրիմացության համար: Մեր մինչև 21 տարեկանների հավաքականը երեկ խաղում էր Ադրբեջանի հավաքականի հետ ու վերջին շաբաթվա ընթացքում մենք անընդհատ մեր երիտասարդական հավաքականի մասին էինք գրում և խոսում:
Հենց դրա պատճառով էլ նման շփոթմունք եղավ:
Ամեն դեպքում, ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար»։