Բադմինթոնի Հայաստանի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը դարձել է դանիական Li-Ning Valby Open 2017 մրցաշարի հաղթող:
Այս մասին հայտնում է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Նա նախ 10-21, 21-19, 21-8 հաշվով առավելության է հասել Նոր Զելանդայի ներկայացուցիչ Ջասթին Վիլեգասի նկատմամբ, որից հետո 21-8, 21-11 հաշվով հաղթել է դանիական KBK ակումբը ներկայացնող Սոֆի Օրստեդին:
Իսկ կիսաեզրափակչում մեր հայրենակցուհին 21-12, 21-19 հաշվով առավելության է հասել դանիական «Գենթոֆթը» ակումբի ներկայացուցչուհի Ռեբեկա Էրիկսոնի նկատմամբ, որից հետո եզրափակչում 21-15, 21-16 հաշվով հաղթելով դանիական «Հերլև» ակումբի խաղացող Միա Ֆալկենբերգին՝ նվաճել է մրցաշարի չեմպիոնի տիտղոսը:
Սա դանիական A մակարդակի մրցաշարերից մեկն է, որին մասնակցում են դանիական ակումբների՝ թե՛ միջազգային, թե՛ տեղացի խաղացողները:
Լիլիթն այս մրցաշրջանում հանդես է գալիս Թոստղուպ քաղաքի «Taastrup Elite Badminton» ակումբում: Լիլիթը նաև կմասնակցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հոկտեմբերի 5-ին մեկնարկող Babolat Bulgarian International 2017 մրցաշարին, որտեղ հանդես կգա և՛ մենախաղում, և՛ զուգախաղում՝ ընկերակցելով Սերբիայի ներակայացուցչուհի Միլիցա Սիմիչին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բադմինթոնի Հայաստանի հավաքականի առաջատար Լիլիթ Պողոսյանը եռամյա ուսումնամարզական հավաքի է մեկնել Դանիա: Հավաքի նպատակն է բադմինթոնիստներին պատրաստել որպես օլիմպիական խաղերի թեկնածուներ: