ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 10-ին, Շուշիում հանդիպել է ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերից տարհանված եւ բերդաքաղաքում ապաստանած մի խումբ քաղաքացիների հետ: ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, վարչապետը ծանոթացել է նրանց բնակության կենսապայմաններին, քննարկել վերադարձի հետ կապված մի շարք հարցեր:
«Բացի Թալիշ եւ Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները, քանի որ նոր վտանգների հիմքեր չկան, իրավիճակը մեր վերահսկողության տակ է: Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր խնդիրները կառավարության ամենօրյա հոգածության ներքո են, եւ ձեր վերադարձից հետո նույնպես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել: Բնակավայրերում վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են, կորուստներ կրած քաղաքացիներին համապատասխան փոխհատուցում ենք տրամադրելու»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է վերադառնալ եւ արագ անցնել գյուղատնտեսական աշխատանքներին:
Բնակիչները դրական են արձագանքել վարչապետի առաջարկին եւ ցանկություն հայտնել առաջիկա օրերի ընթացքում տեղափոխվել իրենց բնակավայրեր:
Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, Մարտակերտի եւ Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարները: