Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր՝ փետրվարի 20-ին, ընթանում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Ընտրական տեղամասերը բացվել են առավոտյան 08:00-ից և կգործեն մինչեւ երեկոյան 20:00-ը։ ԼՂՀ-ում կայանալիք հանրաքվեին հետեւելու համար Արցախ են ժամանել փորձագետներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ընտրատեղամաս է բացվել նաեւ Երեւանում՝ Հայաստանում բնակվող ԼՂՀ քաղաքացիների համար։
Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման նախագահական համակարգին։ Գործող Սահմանադրությամբ, որն ընդունվել է 2006 թվականին, ԼՂՀ-ում կառավարման կիսանախագահական համակարգ է։
Վերոնշյալ բարեփոխումների նպատակն է մարդու ազատությունների եւ հիմնարար իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության, իշխանության ճյուղերի միջեւ հավասարակշռության ամրապնդումն ու բարելավումը, ինչպես նաեւ պետական կառավարման արդյունավետության բարձրացումը։
Հիշեցնենք, որ ԼՂՀ Ազգային ժողովը հունվարի 17-ին հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների փաթեթին։ Փաթեթին կողմ է քվեարկել 20, դեմ 7 պատգամավոր, եւս մեկ պատգմավոր ձեռնպահ է մնացել։