տուն Լուրեր ԼՂՀ նախկին արտգործնախարարը՝ տարածաշրջանային իրադրության զարգացումների մասին

ԼՂՀ նախկին արտգործնախարարը՝ տարածաշրջանային իրադրության զարգացումների մասին

126
0

Th_Arman-Melikyan

Araratnews.am-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:

Պարոն Մելիքյան, այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիելը հանդիպելու են: Ինչ սպասելիքներ կան այդ հանդիպումից:

Հանդիպման արդյունքները մեծապես կախված կլինեն նրանից, թե ինչ նոր առաջարկներ են կողմերին ներկայացրել միջնորդները: Այս փուլում, կարծես, առավել ակտիվ է ամերիկյան կողմը, որի դիվանագետներն ու խորհրդարանականները նոր մոտեցումների փնտրտուքի մեջ են ու նաև տարաբնույթ հանդիպումներ են նախաձեռնում հակամարտ կողմերի պաշտոնատարների և քաղաքացիական հասարակության առանձին ներկայացուցիչների հետ: Այդուհանդերձ, ավելի առարկայական են դարձել առնվազն քաղաքական մակարդակում ստատուս քվոյի մոտալուտ խախտման հեռանկարները և ամբողջ հարցն այն է, թե ով իրականում կդառնա նման նախաձեռնության հեղինակ:

Օրերս տեղի է ունեցել ԼՂՀ արտգործնախարարի հանդիպումը Ջեյմս Ուորլիքի հետ: Կողմերը ընդգծել են շփման գծում հրադադարի խախտումները բացառելու անհրաժեշտությունը, սակայն Ադրբեջանը շարունակում է իրավիճակը լարված պահել:

Այդպիսի հանդիպումն, ինքնին, արտառոց երևույթ չէ, և քննարկված հարցերի շրջանակն էլ ինչ-որ նոր տարրեր, կարծես, չի պարունակել: Այլ հարց է, որ այդ հանդիպումը կայացել է ԼՂՀ արտգործնախարարի ԱՄՆ կատարած աշխատանքային այցելության ընթացքում, իսկ ադրբեջանական կողմը մշտապես ցավագին է ընդունում օտար պաշտոնական շրջանակների և արցախցի պաշտոնյաների շփումները հակամարտության գոտուց դուրս՝ համարում է, որ այդ կարգի քաղաքական-դիվանագիտական շփումները բարոյական վնաս են հասցնում ադրբեջանական շահերին ու ստեղծում են Արցախի մոտալուտ ճանաչման վտանգ:

Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունը:

Ռազմատենչ հայտարարություններն ու ճակատային գծում ադրբեջանական զինուժի ագրեսիվ գործողությունները պաշտոնական Բաքվի որդեգրած քաղաքականության անքակտելի մասն են: Ցավոք, պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը դեռևս չեն կարողացել քաղաքական, դիվանագիտական մակարդակում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելող արդյունավետ մոտեցումներ մշակել ու կիրառել:

ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես ողջունել է Ղարաբաղին վերաբերող Ռոյս-Էնգել առաջարկները: Ինչ կասեք այս առնչությամբ:

Մեծ հաշվով, այդ նախաձեռնություններն ադրբեջանական ագրեսիվ գործողությունները զսպելու և կանխելու նպատակն ունեն, ու այդ առումով, անշուշտ, արժանի են ուշադրության:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի