Ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց կարելի է արձանագրել միայն այն ժամանակ, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զինվորներ չզոհվեն. այս մասին Rusarminfo-ի հետ հարցազրույցում ասել է քաղաքագետ Աժդար Կուրտովը:
«Դիվանագետները միշտ ճոռոմաբար են խոսում, ուստի պետք չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթաց ակնկալել Լավրովի հայտարարության համաձայն: Առաջընթացը կլինի, եթե դա անմիջականորեն զգան Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները: Հետևաբար դեռ վաղ է խոսել ցանկացած առաջընթացի մասին»,- ասել է քաղաքագետը:
Կուրտովը նշել է, որ եթե անգամ Սերգեյ Լավրովին հաջողի հասնել կողմերի հետ որևէ համաձայնության, դա չի նշանակի, որ կարգավորման գործընթացում առաջընթաց կա:
Քաղաքագետն ընդգծել է՝ եթե Լավրովի՝ Բաքու և Երևան կատարած այցերից մի քանի օր անց ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դարձյալ կրակոցներ հնչեն, դա կնշանակի, որ բանակցություններն անհաջող էին: