տուն Լուրեր ԼՂ-ն Հայաստանի անբաժան մասն է. ո՞ւմ էր ուղղված Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը

ԼՂ-ն Հայաստանի անբաժան մասն է. ո՞ւմ էր ուղղված Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը

221
0

arm139546679414

Շուրջ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 26-ին, Սերժ Սարգսյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է։

Փաստորեն, Սարգսյանն առաջին անգամ Լեռնային Ղարաբաղն անվանեց Հայաստանի անքակտելի մաս։ Ինչո՞ւ բանակցային կողմ համարվող ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող մարդը, ի հեճուկս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը, հանդես եկավ նման հայտարարությամբ։ Տարակարծություններից խուսափելու նպատակով շտապեմ ընդգծել, որ ինձ համար Արցախը՝ Հայաստան է, դեռ ավելին՝ չեմ մոռանում անգամ ռուսական զորքերի կողմից զավթված և Ադրբեջանին հանձնված Շահումյանի շրջանի ամբողջական, ինչպես նաև Մարտունու և Մարտակերտի շրջանների արևելյան հատվածների մասին, սակայն ոչ թե ես, այլ Սարգսյանն է ստանձնել դիվանագիտական ճանապարհով՝ բանակցային գործընթացում հայկական կողմի շահերը ներկայացնողի ղեկը։

Եթե կան մարդիկ, որոնք դեռ չգիտեն, թե որն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը, խնդրեմ՝

«Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության: Հայաստանը գտնում է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի հետևյալ սկզբունքների վրա.

—         Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը,

—         Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտվող անխափան ցամաքային կապ,

—         Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի:

Այս սկզբունքների ընդունումն ու պայմանագրային ամրագրումը հնարավորություն կընձեռի հասնել հիմնախնդրի համալիր կարգավորմանը:

Հայաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձևաչափ, որը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի:

Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլև շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը:

Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմքեր», — հատված ՀՀ ԱԳՆ կայքից։

Եվ եթե այս ամենին կցում ենք նաև արտգործնախարար Նալբանդյանի հայտարարարությունները, թե Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական հարցը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, և որ եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, հակամարտությունը հնարավոր կլինի հանգուցալուծել մի քանի ժամում, ապա անհասկանալի է դառնում, թե ինչու է Սարգսյանը հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է ու, միևնույն ժամանակ, շարունակում բանակցային գործընթացը։ Չէ՞ որ սույն հայտարարությունը, ըստ երևույթին, ենթադրում է, որ Հայաստանը որոշել է ճանաչել Արցախը, որին տրամաբանորեն պետք է հաջորդի ինտեգրացիայի գործընթացը:

ՀՀ միայն «դե ֆակտո» նախագահը, որը տարիներ շարունակ գործող, հստակ մշակված դիվանագիտական ճանապարհով է շարժվել բանակցային այս գործընթացում, անկախ այն բանից, դա արդյունավետ է, թե ոչ, իրավունք չունի հուզական հողի վրա չհաշվարկված հայտարարություններով հանդես գալ, կամ էլ, եթե որոշում է փոխել քաղաքական-դիվանագիտական այդ գիծը, ապա հայտարարությանը պետք է հաջորդեն համապատասխան քայլերը։ Թեև հարկ եմ համարում նշել, որ ամենևին էլ գաղտնիք չէ, որ Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից միջազգային հանրության մոտ մեկնաբանվելու է որպես ագրեսիա՝ ուղղված Ադրբեջանի դեմ, ինչն էլ բացի մեզ վրա արտաքին ուժգին ճնշումից նաև մեր արևելյան հարևանին «քարտ-բլանշ» է տալու՝ ռազմական գործողությունները վերսկսումը պատճառաբանելու հարցում։ Եվ արդյո՞ք Սարգսյանն այս ամենի մասին տեղյակ չէ, իհարկե, գիտի, այդ դեպքում ինչո՞ւ է հանդես գալիս նման հայտարարությամբ։ Չէ՞ որ երկար ժամանակ հայկական կողմը փորձել է հասնել նրան, որ Արցախի բնակչությունն ինքը որոշի իր ճակատագիրը, որից հետո էլ, բնականաբար, ՀՀ-ին միանալու գործընթացը կսկսի։

Անցել է ավելի քան մեկ ամիս, իշխանությունները լռում են, ինչը թույլ է տալիս փաստել, որ Հայաստանը, չնայած Սարգսյանի վերոնշյալ հայտարարությանը, ամեևին էլ չի պատրաստվում ճանաչել Արցախի անկախությունը, ինչը տրամաբանական է, ուստի մնում է կարծել, որ այդ խոսքերը հնչել են կա´մ հակառակորդի, կա´մ էլ ներքին լսարանի համար։ Խոսելով Ադրբեջանին այսօրինակ «դուխով» հայտարարությունների միջոցով սաստելու փորձերի մասին՝ չենք կարող չհիշել, թե ինչպես Սարգսյանը մի քանի տարի առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Երևան-Ստեփանակերտ չվերթի հետ։ Պետք է անկեղծ լինեմ ու խոստովանեմ, որ անգամ ես էի ոգևորվել։ Այժմ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Սարգսյանն իր խոսքերի համար ընդհանրապես հաշիվ չի տալիս ոչ միայն ժողովրդին, այլև ինքն իրեն, բայց չէ՞ որ այն մարդը, որը հայտարարում է լինել այդ չվերթի առաջին ուղևորն ու, միևնույն ժամանակ, իրեն ՀՀ նախագահ է համարում, պարտավոր է ամեն գնով հասնել դրա իրականացմանը։ Չէ՞ որ դու պետություն ես ներկայացնում, չէ՞ որ դու խոսում ես մի ամբողջ երկրի, ժողովրդի անունից։

Դե իսկ ներքին լսարանի դեպքում… Սերժ Սարգսյա´ն, եթե դուք հանդես եք գալիս նման հայտարարությամբ, որպեսզի ժողովրդին ոգևորեք, համոզեք, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, անիմաստ է, քանի որ մենք առանց այդ էլ դա գիտենք, անգամ մեկ վայրկյան դրանում չենք կասկածել։ Բայց ուզենք, թե չուզենք, ի վերջո, այս պահին դուք եք նստած Բաղրամյան 26-ում և հենց դուք եք ներկայացնում Հայաստանը բանացկային գործընթացում։ Մենք ձեզնից արդյունք ենք պահանջում, գիտեմ՝ իրատեսական չէ մեր պահանջը ձեր դեպքում, բայց առնվազն գոնե թե բոցաշունչ, բայց դատարկ հայտարարություններ լսելու ցանկություն չունենք։ Դիվանագիտությունը լավ բան է, վատ չէր լինի գոնե թե մեկ անգամ գործի դնել այդչափ կարևոր և արդյունավետ գործիքը։

 

Մխիթար Հայրապետյան, ԵՔԳԱ փոխնախագահ, թուրքագետ