Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հաղթահարել միայն բանակցությունների միջոցով: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ի. Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Միայն պետք է պայմանավորվել, այլ ճանապարհ չկա: Բանակցային գործընթացի երկարատև ժամանակահատվածում, որն ընդունում էր տարբեր ձևեր, պայմանավորվածությունները շատ անգամ մոտ էին լինում, անգամ՝ մեկնած ձեռքի հեռավորության վրա, սակայն հետագայում աշխատում էր անվստահության ինչ-որ բնազդ, բայց պետք է շարունակել աշխատանքը»,- ասել է Լավրովը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ չնայած նրան, որ բանակցությունների արդյունքում արդեն մշակվել են մի շարք սկզբունքներ, «անհրաժեշտ է համաձայնեցնել մի շարք շատ դժվար դետալներ, որոնք շոշափում են շատ զգայուն հարցեր»: