տուն Արցախ ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն. Պուտին

ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն. Պուտին

122
0

168900_src

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին չի պարտադրում պատրաստի որոշումներ, այդ հարցում պետք է լինի հավասարակշռված փոխզիջում Հայաստանի և Ադրբեջանի միջև` «Ազերթաջ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք բացարձակապես չենք պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին ինչ-որ պատրաստի լուծում: Կողմերը պետք է իրենք պայմանավորվեն, առանց արտաքին ճնշումների, գտնեն փոխընդունելի լուծում, դա մեր հստակ դիրքորոշումն է»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով` փոխզիջումը ենթադրում է օպտիմալ հավասարակշռություն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև:

«Մենք ամբողջությամբ մեզ հաշիվ ենք տալիս, թե ինչ պատասխանատվություն է դրված Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության ուսերին: Հակամարտության կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի համաձայնությունը, որի դեպքում կողմերից ոչ մեկը հաղթող կամ պարտվող չդառնա, զիջումները լինեն փոխադարձ, կողմերից յուրաքանչյուրի օգուտները լինեն հասկանալի հասարակական կարծիքի համար ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում»,- շեշտել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցելու խնդրի լուծման այն տարբերակին, որը կբավարարի բոլոր ներգրավված կողմերին, պատրաստ է մյուս միջնորդների հետ միասին դառնալու կարգավորման երաշխավոր: Նրա խոսքով` Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է, որ հարևան տարածաշրջանում լինի խաղաղություն և հանդարտություն, որպեսզի մարդիկ չզոհվեն, բացվեն սահմանները, վերականգնվեն տնտեսական կապերը:

«Դրա համար անում ենք ամեն հնարավոր բան»,- եզրափակել է Պուտինը: