Երեւանի ավագանու նիստում այսօր վեճ առաջացավ «Լույս» դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամների միջեւ: Ավտոկայանատեղիների հարցի քննարկմանը Դավիթ Խաժակյանը հնչեցրեց «Մուլտի գրուպ» կոնցեռնի անունը, որը կարծես թե դուր չեկավ ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանին, որն ասաց՝ իրենք կպաշտպանեն ցանկացած տնտեսավարողի, նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի շահերը:
Արման Աբովյանը հորդորեց նախընտրական այս շրջանում զերծ մնալ որոշակի շեշտադրումներից:
Դավիթ Խաժակյանն ասաց, որ ինքը զերծ է մնում շահերի բախման դաշտ տեղափոխվելուց, եւ հույս հայտնեց, որ երբ քննարկվի նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետ կապված խնդիր, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն այդ դաշտ չի տեղափոխվի:
Տեղից առանց խոսափողի արձագանքեցին նաև «Լույս» դաշինքի անդամները: Հայկ Մարությանը հորդորեց պահպանել կանոնակարգը եւ խոսել միայն խոսափողով: