«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է, որ Հայրապետյանի կյանքին ռուսական բանտում վտանգ է սպառնում։
Նախաձեռնությունը, վկայակոչելով հայազգի գործարարի հարազատներին ու փաստաբանին, նշում է, որ հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարարը, «ռուսական բանտային պայմաններում կարող են սպառնալ նրա կյանքին»:
«Հայրապետյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, սրտի 4 կաթված և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում», — ասված է հաղորդագրությունում։
Նախաձեռնությունը նշում է, որ մեղադրող կողմի փաստարկները չափազանց անհամոզիչ են։ «Ակնհայտ է Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված գործի պատվիրված բնույթը՝ նրան կալանավորելու նպատակով: Այս իրավիճակում զարմանք է առաջացնում Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերի լռությունը», — ասված է նախաձեռնության հաղորդագրությունում: