ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում խորագրով նախարարական առաջին գլոբալ համաժողովին։
Համաժողովի նպատակն է արագացնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների, ինչպես նաև մինչև 2030 թվականը տուբերկուլոզի գլոբալ համաճարակը կանխելու նպատակով ԱՀԿ` տուբերկուլոզի դեմ պայքարի ռազմավարության ներդրման գործընթացները:
Նախարարական այս համաժողովին կմասնակցեն ԱՀԿ անդամ-երկրների առողջապահության, ինչպես նաև ֆինանսների, սոցիալական ապահովության, արդարադատության նախարարներ, պատվիրակություններ, ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտական հաստատություններիներկայացուցիչներ։
Նշենք, որ իրականացվող ազգային ծրագրի արդյունքում Հայաստանում 2016 թվականին արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների բարելավում։ 100 հազար բնակչի հաշվով հիվանդացությունը կազմել է 27.4` 2012 թվականի 37.1-ի փոխարեն, իսկմահացության ցուցանիշը հասցվել է 2.0-ի (2006-ին այն կազմել է 5.1)։
2012-2016 թվականների ընթացքում արձանագրվել է նաև տուբերկուլոզի առավել վտանգ ներկայացնող դեղակայուն ձևերի հիվանդացության անկում. 2012 թվականին գրանցված 3.3 ցուցանիշը 2016-ին կազմել է 2.0: