տուն Լուրեր Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 74 տարեկան

Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 74 տարեկան

110
0

le-commendant-leonide-azgaldian

Այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է: Ֆիզիկոս, ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանն Արցախյան ազատամարտի հերոս է: Ծնվել է 1942-ին Թբիլիսիում` Հայաստանի Կամո քաղաքից (ներկայիս` Գավառ) տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960-ին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով։

Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից Ազգալդյանը` որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: 1990-ի փետրվարից վարել է Անկախության բանակի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և, հատկապես, Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում` հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և խոչընդոտել է խորհրդային պատժիչ զորքերի ներթափանցումը Երևան։

Լեոնիդ Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ` նախ գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։

Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991-ին հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը:

Ազգալդյանը 1992-ի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։