Լեհաստանի Պուլտուսկ քաղաքի «Պոլոնիայի տուն» կենտրոնում տեղի է ունեցել «Gallery Mansarda» ճանաչված արվեստի ստուդիայի հիմնադիր, Լեհաստանում բնակվող հայ գեղանկարիչ Գեորգի Ասլանյանի կտավների ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսը կազմակերպել էին Ալեքսանդրա Գիեշտորայի անվան Հումանիտար ակադեմիան և «Պոլոնիայի տուն» կենտրոնը: Այն իրականացվում էր Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Պուլտուսկի քաղաքապետարանի հովանու ներքո:
Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը, Պուլտուսկի փոխքաղաքապետ տիկին Ռոզա Կրասուցկան, Պուլտուսկի Հումանիտար ակադեմիայի ռեկտոր Ադամ Կուսելսկին, «Պոլոնիայի տուն» կենտրոնի տնօրենը, ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Յենդժեյովիչը, մտավորականներ, հոգևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Դեսպան Ղազարյանն, իր ելույթում ընդգծելով հայ և լեհ ժողովուրդների դարավոր ընդհանրություններն ու մշակութային կապերը, նշել է, որ Լեհաստանում բնակվող մեր հայրենակցի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գեղեցիկ այս ցուցահանդեսն իր խորհուրդն ունի, և դա հայ ժողովրդի ոչ միայն սեփական երկրում, այլև դրա սահմաններից դուրս ապրելու, արարելու, արժեքներ ստեղծելու և այն բոլորին ծառայեցնելու ուժի ու կարողության խորհուրդն է: