Այս ընտրություններն աննախադեպ են, և հետաքրքրությունն էլ այսքան մեծ է, որովհետև հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի քաղաքապետի «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանը:
«Սա չափազանց պատասխանատու հանձնառություն է, որ պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունը և ընդհանրապես մենք, քաղաքացիներս՝ բոլորս: Մենք պետք է ինքներս մեր առջև քննություն դնենք՝ կարողանո՞ւմ ենք արդյոք Հայաստանում անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, թե՞ ոչ, դրա համար բոլորի ուշադրությունը սևեռված է սրա վրա»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:
Գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ Արտակ Զեյնալյանը նշեց. «Մենք այս ընտրություններին ակնհայտ ընտրախախտումներ չենք տեսել՝ ընտրակաշառքներ, վարչական ռեսուրսի բանեցման դեպքեր: Դպրոցները, նախարարությունները և մյուս կառույցները ներգրավված չեն, եթե կան էլ, ապա արձանագրված չէ. այդ տեսանկյունից դրական եմ գնահատում ընտրարշավը: Լավ կլիներ այն միայն դրական լույսի ներքո իրականացվեր՝ առանց սև փիարի, առանց որևէ փոխադարձ վարկաբեկիչ նյութերի փնտրտուքի»:
Ինչ վերաբերում է քարոզարշավի ժամանակ խախտումներին, քաղաքապետի թեկնածուն ասաց. «Մենք չենք արձանագրել խախտումներ, չունենք փաստեր, որպեսզի կարողանանք հայտարարություններ անել ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ: Մամուլով եղել են հրապարակումներ այն մասին, որ կուսակցություններից մեկն ինչ-որ խախտում էր արել, բայց փաստեր չկան: Մենք բոլոր մասնակիցներին կոչ ենք արել, որ նման դեպքի վերաբերյալ լինեն բարեխիղճ քաղաքացիներ և ներկայացնեն ապացույցներ»:
Բանախոսը նաև նշեց, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ լիազորություններ և գործիքակազմ են տրված ինչպես մասնակից կուսակցություններին, այնպես էլ դիտորդական առաքելություններին: