Իտալական առաջատար La Gazzetta dello Sport պարբերականն այսօրվա համարում կազմել է գրքերի ցանկ, որոնք «Միլանի» նոր գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը կարող էր նվիրել իր ֆուտբոլիստներին։ Բանն այն է, որ իր հարցազրույցներից մեկում Զեեդորֆն ասել էր, որ նոր պաշտոնում ինքը հետևելու է «Չիկագո» և «Լեյքերս» թիմերի գլխավոր մարզիչ Ֆիլ Ջեքսոնի օրինակին և գրքեր է նվիրելու իր ֆուտբոլիստներին։
Ըստ պարբերականի՝ Բալոտելիին կարելի է նվիրել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» գիրքը, քանի որ «այս գրքում, ինչպես և Բալոտելիի կյանքում կա և´ ռոմանտիզմ, և´ անսպասելի փոփոխություններ»։ Թերթի խորհրդով Կակային կարելի է նվիրել Ջուզեպե Թոմազիի «Հովազը», Ռոբինյոյին՝ Վոլտերի «Կանդիդ կամ լավատեսություն», Մոռոլիվոյին Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Ջազի դարաշրջանի հեքիաթները», Աբյատիին՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Մենության հարյուր տարին»։