տուն Լուրեր ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գերի Զավեն Կարապետյանին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գերի Զավեն Կարապետյանին

100
0

images

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են գերեվարված Զավեն Կարապետյանին։ Հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին: Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը:

«Մենք դա համարում ենք մեկ քայլ առաջ: Երկրորդը կլինի արդեն նամակը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է բերում, չնայած այդ նամակում, որպես կանոն, այլ բան գրված չէ, բացի այն, որ գերին լավ է, իրեն նայող կա»,- ասաց Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ադրբեջանական լրատվամիջոցներում լուր տարածվեց, թե իբր հայկական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, որի հետևանքով կա մեկ գերեվարված զինծառայող: Այնուհետև տարածվեց տեսանյութ, որում  իբր գերեվարվածը պատմում է իր և իր առաջադրանքի մասին:

Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ գերեվարվածը զինծառայող չէ: Տարօրինակություններ ունեցող տղամարդը, որ ունի մտավոր խնդիրներ և 30 տարեկանում հայտնվել է Վանաձորի ծերանոցում, 43-ամյա Զավեն Հովհաննեսի Կարապետյանն է: