Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ռուսական կինոյի և թատրոնի հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը տոնում է իր 80-ամյակը: Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին, Երևանում: Դերասանը սերում է թիֆլիսահայ ընտանիքի հնագույն սերնդից:
Դերասանն 80-ամյակը պատրաստվում է նշել տանը, համեստ և հանգիստ:
Նա այնքան էլ չի սիրում նշել իր ծննդյան օրերը: Սրա պատճառների մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է Ջիգարխանյանի քույրըˋ Մարինա Ջիգարխանյանը: Վերջինս պատմել է, որ Ջիգարխանյանը երբեք չի սիրել նշել ծննդյան օրերը, իսկ քանի որ 80-ամյակը մեծ իրադարձությունն է, այնուամենայնիվ, որոշել է այն նշել, սակայն ընտանեկան հանգիստ միջավայրում:
Հեռվից հայացք նետելով Ջիգարխանյանի անցած ուղունˋ կարող ես մտածել, որ քո առջև կանգնած է մի մարդ, ով կյանքում ամեն ինչի հասել է և այլևս ոչնչի կարիք չունի: Մինչդեռ, ինքը դերասանն այդպես չի մտածում:
Խոսելով իր կյանքիցˋ Ջիգարխանյանը նշում է. «Ես 80 տարեկան եմ: Բազմաթիվ կոչումների եմ արժանացել, անգամ ինքնաթիռում առանձին եմ նստում, պատկերացնո՞ւմ եքˋ հասել եմ մինչև «բիզնես կլաս»-ի: Բայց, այս ամենով հանդերձ, գլխումս կյանքի վերաբերյալ միլիոն հարց է ծագում, որոնց պատասխանները չկան: Դեռևս 400 տարի առաջ Շեքսպիրը «Համլետում» մի հարց էր առաջ քաշումˋ լինե՞լ, թե՞ չլինել: Քանի դեռ մարդ ապրում է և ի վիճակի է մտածել, նրա առաջ անընդհատ այս հարցն է կանգնում: Թատրոնը փորձում է մարդկանց այս հարցերի պատասխանները տալ, բայց միայն փորձում է, ոչ ավելին»:
Խոսելով բարդույթների մասինˋ Ջիգարխանյանն անկեղծանում է, որ ինքը երկար տարիներ բարդույթավորվել է իր կարճ հասակից և կարճ վզից. «Հիմա հասկանում եմ, որ սա անիմաստ «կոմպելքս» էր, բայց ես երկար ժամանակ դրանով տառապում էի: Կյանքն այնպիսին է, որ թունելի վերջում միշտ չես կարող լույս տեսնել: Այնտեղ երբեմն միայն լամպ է վառվում: Սա խաբկանք է: Բայց մենք ուզում ենք այդ փոքրիկ լույսը տեսնել, և գնում ենք դեպի նա: Մեր կյանքի ամենամեծ սխալն այն է, որ մենք սպասում ենք, թե երբ պետք է մեզ օգնեն, կամ երբ պետք է ինչ-որ մեկը մեր փոխարեն մի բան անի: Ոչ ոք երբեք մեր փոխարեն ոչինչ չի անի, այդ մեկը ես հաստատ գիտեմ »,-նշում է նա:
Ըստ դերասանիˋ ամենալավ բանն աշխարհում զրույցն է, որովհետև հաճախ հենց զրույցի ընթացքում են ծնվում մեզ հուզող հարցերի ճիշտ պատասխանները:
Ջիգարխանյանը հետաքրքիր մոտեցում ունի նաև սիրո նկատմամբ. սիրում է միայն իրեն, քանի որ ուրիշներին սիրելը մեծ պատասխանատվություն է: Նախանձին նա նորմալ է վերաբերումˋ պնդելով, որ այն զգացել է ամբողջ կյանքի ընթացքում: «Դեռ Շեքսպիրն էր ասում, որ ամենասարսափելի բանը և ամենամեծ ուժը նախանձն է: Սերը նույնպես նախանձ է: Դու մտածում եսˋ ինձ սա դուր է գալիս, ես սա ուզում եմ: Այս զգացմունքի հիմքում էգոիզմն է ընկած: Էգոիզմն էլ նախանձի եղբայրն է»:
Մահից դերասանը փորձում է չվախենալ, մինչեռ խոստովանում է, որ երբեմն մտածում է մահվան մասին: «Կուզեի չվախենալ մահից, բայց երբեմն մտածում եմ այդ մասին և վախենում: Ես լավ կյանքով եմ ապրումˋ օգտագործելով այն ամենն, ինչն ինձ շնրոհվել է բնության կողմից: Ես չէի ուզի զրկվել կյանքից: Ես անընդհատ աշխատում եմ, նոր ներկայացումներ բեմադրում, անգամ զգում եմ դրանց հոտը: Չէի ուզի այդ ամենին հրաժեշտ տալ: Չեմ հավատում ամպերում ապրող ծերուկի գոյությանը, բայց կարծում եմ, որ մահից հետո մարդիկ ինչ-որ տեղ են գնում: Մինչև հիմա ինձ մի հարց է տանջումˋ որտե՞ղ է իմ մայրը: Նրա աճյունը չկա, փոխարենը կա հոգին: Դուք կարող եք ինձ քիմիայի և ֆիզիկայի միջոցով ինչ-որ բաներ բացատրել, բայց ես, մեկ է, անընդհատ մտածելու եմˋ որտե՞ղ է նա: 20 տարի առաջ էլ աղջկաս եմ կորցրել: Կրկին մտածում եմ, թե որտեղ է նա: Գուցե մի օր նա վերադառնա այս աշխարհ կերպարանափոխված»:
Այսպիսին է Ջիգարխանյանն իր մտորումներով: Դե իսկ ինչ վերաբերում է Ջիգարխանյանի կարիերային, ապա կինոյում դերասանը իր նորամուտը նշել է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում՝ Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։
Այս ֆիլմի ցուցադրումից որոշ ժամանակ անց հետևում են նոր հետաքրքիր առաջարկներ, որոնք ի հայտ են բերում արտիստի դերասանական հնարավորությունների լայն շրջանակը և վերամարմնավորման վարպետությունը. դարբին վարպետ Մուկուչը՝ «Եռանկյունի» -ում,
Լևոն Պողոսյանը՝ «Երբ գալիս է սեպտեմբերը»,
Շտաբս-կապիտան Օվեչկինը՝ Էդմոն Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» և շատ այլ կերպարներ։
Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սև կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։
Այժմ Արմեն Ջիգարխանյանն ապրում է Մոսկվայի դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավար, 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, ում հետ հարաբերություններն օրինականացրել է 2015 թվականի օգոստոսին:
Այս տարիների ընթացքում Ջիգարխանյանը արժանացել է մի շարք կոչումների, այդ թվումˋ «Երևանի պատվավոր քաղաքացի»՝ 2001 թվականին, Մոսկվայի քաղաքապետարանի մրցանակին՝ 1994 թվականին՝ «Դարի զոհը» ներկայացման մասնակցության համար, Ռուսաստանի կինոմոտոգրաֆիայի մշակույթի «Նիկա» ակադեմիայի ակադեմիկոսի կոչման և մի շարք այլ մրցանակների:
Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում)։