Կառավարության վաղվա նիստում կքննարկվի «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այն կառավարությանը կներկայացնի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախագծով առաջարկված փոփոխություններն ու լրացումները առնչվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին:
Փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, այլև կբարձրացնեն հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ՝ զոհերի, այդ թվում երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանությանն ուղղված միջոցառումներն արագ և արդյունավետ կազմակերպելու համար:
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կողմից:
Նախագծի ընդունումը հիմք կստեղծի թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության նոր հարաբերությունների ձևավորման, համագործակցության շրջանակի ընդլայնմանն ու աջակցության բարելավման, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման գործընթացը սահմանելու համար: Արդյունքում կներդրվեն նոր մեխանիզմներ և կկատարելագործվեն ընթացակարգերը, կհստակեցվեն փոխգործակցության հետ կապված ժամկետները, կստեղծվեն գործակցային նոր հնարավորություններ, կամրապնդվի միջգերատեսչական և բազմամասնագիտական համագործակցությունը:
Նախագծում առաջարկված փոփոխությունները կվերացնեն օրենքի կիրարկման հետ կապված տարընկալումները, կհստակեցնեն աջակցության տրամադրման պայմանները, իսկ առանձին դեպքերում նաև աջակցության տեսակների տրամադրման հաջորդականությունը: Կստեղծվեն երեխաների ուղղորդման մեխանիզմներ: